«Ժողովուրդ». «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի

Մանրամասներ
քպ

Հասմիկ Հակոբյանն էլ իր մտերիմների շրջապատում անկեղծացել է՝ որպեսզի թիմում խոսակցությունները հանդարտվեն, եւ լեգալ բացատրություն լինի, պետք է փոխել հանձնաժողովը: Քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ավելի հաճախ են գործուղումների մեկնում, այս հանձնաժողովի անդամ լինելը լավ պատրվակ է, որպեսզի գործուղումների նպատակն արդարացվի։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հաստատեց, որ փոխել է հանձնաժողովը, իսկ առաջարկն արել է խմբակցության ղեկավարությունը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.

«Ես 2021 թվականին հաստատվել եմ որպես ՀՀ պատվիրակության անդամ Inter-Parliamentary Union-ում: Այդ պատվիրակությունն ունի 8 անդամ Հայաստանի խորհրդարանում, որոնցից մեկը ես եմ: Սեպտեմբերին այդ կառույցի երիտասարդական համաժողովը Հայաստանում եղավ, իմ գործուղումների մեծ մասը, 2021 թվականից սկսած, հենց այս միջազգային կառույցի անդամ լինելով է պայմանավորված. լինում են լիագումար նիստեր, հանձնաժողովի նիստեր, որոնցից մեկի փոխնախագահն եմ նաեւ։

Այսինքն՝ իմ գործունեության մաս է կազմում այս կառույցի աշխատանքներին մասնակցելը, եւ իմ գործուղումների մեծ մասն էլ սրանով է պայմանավորված. ուստի եթե կա առավելություն մյուս պատգամավորների համեմատությամբ, սրանով է պայմանավորված: Ինձանից ավելի հաճախ գործուղվող պատգամավորներ էլ կան՝ կախված միջազգային կազմակերպություններում իրենց ակտիվությունից:

Դա պատգամավորի գործունեության մաս է, ոչ թե վոյաժ՝ ինչպես պատկերացնում են։ Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկելու առաջարկն արել են հանձնաժողովի նախագահը եւ մեր խմբակցության ղեկավարությունը»:

Իսկ թե իր որ հնարավորությունները, մտավոր կարողություններն են նպաստել քաղաքական նման որոշման կայացմանը, պատգամավորը չբացատրեց:

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը, մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից, հետո Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ» կայքում է աշխատել եւ արտաքին հարաբերությունների հետ որեւէ առնչություն չի ունեցել»: