Լարվածությունը թուլացել է․ Ի՞նչ իրավիճակ է Ղրղզստան-Տաջիկստան սահմանին

Մանրամասներ

ա

Ղրղզա-տաջիկական սահմանին լարվածության օջախը, որտեղ նախօրեին բախումներ են տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև, մարվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի առաջնորդ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունում:

«Բանակցությունների ընթացքում լարվածության աղբյուրը վերացվել է, իրավիճակը կարգավորվել է։ Կառավարության աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքը։ Ամբողջ օգնությունը, դեղորայքն ու սննդամթերքն անհապաղ տեղափոխվում են Բատկենի մարզ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված երկու երկրների սահմանամերձ շրջաններում հակամարտության կարգավորման հանձնաժողովները քննարկել են միջադեպի պատճառներն ու հետևանքները, ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման և բնակչության տարհանման, զորքերի և ռազմական տեխնիկայի սահմանից դուրս բերման մասին հայտարարություն: Միջոցներ են ձեռնարկվում պետական սահմանին լարվածության աճը կանխելու ուղղությամբ։

«Ղրղզա-տաջիկական սահմանին այս միջադեպը ցույց տվեց ղրղըզ ժողովրդի միասնականությունը, համերաշխությունը, հայրենասիրությունը և հակամարտության կարգավորմանը մասնակցելու նրա ցանկությունը։ Անցած գիշեր Ղրղզստանի շատ քաղաքացիներ մեկնել են սահմանային գոտի և ցանկություն հայտնել համակողմանի օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում: Ներկայում կամավորներին սահմանամերձ շրջան ուղարկելու կարիք չկա»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 29-ին, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:

Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից:

Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը` մարզի Լեյլեկի շրջանում: 

Բժիշկների տվյալներով՝ երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի: