Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկու երկրների միջև, այդ թվում՝ Խուրգադա և Շարմ Էլ Շեյխ առողջարանների հետ ավիահաղորդակցությունը լրիվ չափով վերսկսելու շուրջ:
Այդ մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Ռուսաստանի ավիաընկերությունները թռիչքները Եգիպտոսի առողջարաններ կսկսեն մայիսին, ամենայն հավանականությամբ, երկրորդ տասնօրյակում, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է ավիացիոն շրջանակների մի աղբյուր:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ զբոսաշրջիկներով ռուսաստանյան ինքնաթիռը Սինայի վրա պայթելուց հետո: Այդ ժամանակ զոհվել էր 224 մարդ: Նոյեմբերին Անվտանգության համերկրային ծառայությունն այդ պայթունը որակել էր ահաբեկչական գործողություն: 2018 թվականի հունվարին Մոսկվան թույլատրեց Կահիրեի հետ վերսկսել ավիահաղորդակցությունն այն բանից հետո, երբ տեղի օդանավակայանն ստուգեցին անվտանգության գծով ռուսաստանցի մասնագետները:
Ապրիլի 20-ին ավիաընկերություններից մեկում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել է, որ Խուրգադայի և Շարմ Էլ Շեյխի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել մայիսի երկրորդ տասնօրյակում:
Զբոսաշրջության ճյուղի մի աղբյուր հավելել է, որ հետաքրքրությունը Եգիպտոսի չարտերային թռիչքների նկատմամբ ռուսաստանցի տուրօպերատորների մոտ աճել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակման ֆոնին:
0Comments