Դե ինչ, Կլարիսա, գառները լռեցի՞ն
Հանիբալ Լեքտեր, «Գառների լռությունը»
Սփյուռքի և մշակույթի նախարարությունները փակվեցին, և նրանց ճակատագրին հետևելու են ևս մի քանի նախարարություններ։ Այս հարցի նպատակահարմարությունը մի հոդվածով չէ, որ պետք է քննարկվի, պարզապես նշենք, որ դրա համար կա օրենք հանդիսացող պետական բյուջե, հարցի լուծման աշխատակարգեր, հանրային քննարկման պահանջ, որոնք կարող են ապահովել այս ընթացակարգը։ Այստեղ փորձենք միայն մի քանի մեկնաբանություն ավելացնել հարցի վերաբերյալ մամուլում հնչած տեսակետներին։
«Կողմ» տեսակետներում երկու հիմնական փաստարկ կա՝ շատ երկրներ չունեն մշակույթի և սփյուռքի նախարարություններ, և դա նրանց չի խանգարում բարգավաճել, և՝ օպտիմալացում, այսինքն պետական միջոցների խնայողություն։ Այս երկու փաստարկն էլ ունեն գոյության իրավունք, սակայն նշենք նաև, որ սփյուռքի և մշակույթի նախարարություններ ունեն մի շարք երկրներ, նրանք, որոնք այս բնագավառում նպատակ ունեն իրականացնել որոշակի հստակ քաղաքականություն։ Եթե ժողովրդի 70%-ը շահած կառավարությունը գտնում է, որ նման քաղաքականության կարիք չկա, ուրեմն համակերպվենք ժողովրդի որոշման հետ։
Ինչ վերաբերում է միջոցների խնայողությանը, և դրա հետ կապված՝ գործազուրկների բանակի ավելացմանը, ապա պետք է նշել, որ իսկապես պետական համակարգը գերուռճացված է, սակայն այն ունի նաև որոշակի սոցիալական նշանակություն, որն է՝ մեղմել գործազրկությունը։ Այլ խնդիր է, որ հասկանալի չէ, թե ի՞նչ են անելու խնայված գումարները՝ դրանք ուղղվելու են պետական պարտքի մարմա՞նը, սոցիալական խնդիրնե՞ր են լուծելու, պաշտպանունակությո՞ւնն են ավելացնելու, թե՞ մի նոր տոնածառ դնելու, ասենք, տրընդեզի կապակցությամբ, կամ՝ որպես պետական գրանտ՝ հատկացվելու են Տիգրան Ավինյանին։ Կամ այս հարցերի օրինական լուծումներ պետք է արտացոլված լինեին բյուջեում, սակայն պատասխանները դեռևս չեն տրվել, իսկ դա չի կարող կասկածներ չառաջացնել կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Պետք է նկատել, որ կան ևս մի քանի գործոններ, որոնք կարող են բացատրել իշխանությունների այս որոշումը։ Շատ էական գործոն է իշխանությունների կողմից կառավարական պաշտոնների նշանակության ընկալումը։ Հեղափոխությունից հետո այս պաշտոններին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեցին իր այն թիմակիցները, ովքեր չունեին որևէ կոնկրետ մասնագիտություն և ունակություններ։
Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ մշակույթն ինքն է՝ կանտյան Ding an sich-ի տրամաբանությամբ, իսկ Մխիթար Հայրապետյանը մի շարք ցնցող քաղաքական պլաններ գծեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ և դարձավ անցած ութ ամիսների ընթացքում բյուջեի հաշվին ամենաշատ ճամփորդած հայաստանյան պաշտոնյան։ Այժմ այս երիտասարդներն աշխատանքի են տեղավորվել նորընտիր խորհրդարանում, և եթե Նիկոլ Փաշինյանն ընկալում է կառավարությունը՝ որպես իր հետ քայլողների ու նրանց բարեկամների աշխատանքի տեղավորման բյուրո, ապա իսկապես այս նախարարություններն ավելորդ են։
Ընդ որում, անցած քննարկումների ընթացքում դեռևս նախարարի պաշտոնակատար համարվող Մակունցն ու Հայրապետյանը որևէ փաստարկ չհնչեցրեցին հօգուտ անցած ամիսներին իրենց կատարած աշխատանքի, համապատասխան ոլորտներում իրենց տեսլականի, ի վերջո՝ հարկատուներից իրենց կերած փողերի արդարացման։
Մյուս կարևոր գործոնն այն է, որ Փաշինյանի հետ քայլածների թիմը սահմանափակ է, նա այլևս չունի համապատասխան մարդիկ՝ այս պաշտոններում նշանակելու համար։ Ազգային ժողովի ընտրոթյունների ժամանակ պատգամավորների ցուցակը լրացնելու համար նա անգամ ստիպված էր «անասնագողությամբ» զբաղվել։ Այժմ թիմակիցների մեծ մասը տեղավորվել է խորհրդարանում և պետական ավելի յուղոտ պաշտոնների, ու Փաշինյանը պարզապես չունի նախարարների հարմար թեկնածուներ։ Եվ, ի վերջո, եթե կառավարական բոլոր կարևոր և երկրորդական որոշումները` ընդհուպ մինչև տնօրենների նշանակումը, ընդունում է վարչապետն ինքը, ապա այս դեպքում այս նախարարություններն իրոք ավելորդ են դառնում։
Սակայն ամենաակնհայտ փաստարկը Բոլթոնի ասած ուժեղ մանդատի փորձարկումն է։ Սա շարունակությունն է այն թեստային գնդակի, որն ընտրական շրջանում Սասուն Միքայելյանը նետեց հասարակությանը՝ հայտարարելով ղարաբաղյան շարժման նկատմամբ թավշյա հեղափոխության գերակայության մասին։ Այն ժամանակ գնդակը ետ թռավ՝ հանդիպելով որոշակի հասարակական դիմադրության։ Այժմ ևս Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նոր մանդատը, ստուգելով՝ արդյո՞ք իր հակաժողովրդական քայլերը կբերեն դժգոհության լուրջ ալիքի։ Այն առանձնապես կարևոր է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում նոր կտրուկ, ոչ պոպուլյար քայլերի նախաշեմին։
Աղասի Ենոքյան
168 ժամ
0Comments