Այսօր Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խոսք ուղղեց Նիկոլ Փաշինյանին «Դուք շարունակում եք վարչապետի պաշտոնը զբաղեցնել, բայց շարունակում եք չկարողանալ սպասարկել ՀՀ պետական շահերը: Հենց այսօր, հենց հիմա Շիրակի մարզում Գյումրի մտնող բոլոր ճանապարհները փակ են անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքների կողմից, բայց որևէ արձագանք չկա և դուք շարունակում եք լինել անկարող այդ մարկանց հստակ պատասխաններ տալու մեջ: Նույնիսկ հաշվի առնելով ձեր քաղաքական ուղին, իշխանության գալու ձեր ճանապարհը, դուք անտեսում եք այն քաղաքացիներին, ովքեր ձեր օրինակով՝ փողոցը փակելով, փորձում են իրենց խնդիրը բարձրացնել, մինչև ե՞րբ եք պատրասվում մնալ վարչապետ և մինչև ե՞րբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել ձեր պաշտոն ունենալուն»:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքում նախատեսված է, թե վարչապետը, Կառավարությունը մինչև երբ են մնալու իրենց պաշտոններում, ավելացնելով, որ իրենք բազմաթիվ անգամ առաջարկել են, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ և պետք է լուծել, ապա կա մեկ հստակ մեխանիզմ՝ ընտրություններ։
«Չեմ հասկանում, այդ գաղափարը ինչի՞ է այդքան խորթ ընդդիմության համար, ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի իշխանություն: Եթե ինչ-որ քաղաքական խմբեր, ինչ-որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձևավորեն նոր իշխանություն, տենց բան չի լինելու, պարոն Գորգիսյան, եկեք վերջնականապես ֆիքսենք, նման բան մենք թույլ չենք տալու, եթե այս երկրում պետք է ձևավորվի իշխանություն, պետք է լինի ընտրությունների միջոցով»:
0Comments