Այսօր Մոսկվայում տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլից հաղորդել են, որ հանդիպման գլխավոր թեման երկկողմ հարաբերություններն են:
Politeka-ի հաղորդմամբ՝ նախքան հանդիպումը Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանում Բելառուսն այլևս եղբայրական պետություն չեն համարում, քանի որ հայտնվել են նոր մարդիկ, որոնց համար դա անընդունելի է:
«Ես այլևս չեմ ասում եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ են հաղորդում, Ռուսաստանում դա չի ընդունվում: Իբր թե նոր մարդիկ են եկել, որոնց համար այդ հասկացությունն անընդունելի է: Դե ինչ, կլինենք պարզապես գործընկերներ», – հայտարարել է Լուկաշենկոն Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ 2018թ.-ին կողմերը ծրագրում էին լուծել գազի գնի հետ կապված խնդիրը և քննարկել Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տալու հարցը: Բելառուսի ղեկավարը նշել է, որ Մոսկվան այդպես էլ Մինսկին ընդառաջ չի գնացել:
Մոսկվան Լուկաշենկոյի դիրքորոշման հետ չի համաձայնել: URA պարբերականի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը շարունակում են մնալ եղբայրական պետություններ՝ անկախ կողմերի միջև երբեմն առաջացող խնդիրներից:
0Comments