Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության կառուցվածքը

Նախագիծը հրապարակվել է

Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:

«Կառավարության կազմն ու կառուցվածքն», ըստ նախագծի, հետևյալ տեսքը կունենան. կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  2. առողջապահության նախարարություն,
  3. արդարադատության նախարարություն,
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն,
  5. արտաքին գործերի նախարարություն,
  6. բնապահպանության նախարարություն,
  7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  8. պաշտպանության նախարարություն,
  9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն,
  11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն,
  12. ֆինանսների նախարարություն:

Նոր նախագծով` կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միացվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացվում են, վերանվանվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միացվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, վերանվանվում տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:

Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը, վերանվանվում բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:

Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:

Նշենք, որ նախագիծը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս հայտնել է, որ նախագիծը երեք օր է, ինչ շրջանառության մեջ է դրված, սակայն ուղարկվել է միայն գերատեսչություններին, իսկ E-draft-ում դեռ հրապարակված չէ: