Հայաստանի սահմաններին տեղի են ունենում ցավոտ գործընթացներ, խնդրեմ եմ խուճապի մեջ չընկնել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ուղերձում նշեց, որ դեռ չեն հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել, և դա անելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո

նիկոլ

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ուղերձում նշեց, որ դեռ չեն հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել, և  դա անելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո:

«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավով են ընդունվում մեր որոշ հայրենակիցների կողմից, սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է մեր ՀՀ սահմանի երկայնքով, խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է»,- ասաց նա և շեշտեց, որ տարբեր տիպի գործնական խնդիրներ կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն:

«Դրանց վրա մենք աշխատում ենք, բայց կրկնում եմ՝ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ սահմանի երկայնքով, պետք է խնդրեմ այս առիթով ամեն անգամ խուճապային տրամադրության մեջ չընկնել, մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- հայտարարեց նա:

Նաև անդրադարձավ Մեղրիի հարցին: «Նոյեմբերի 9-ի հայտարարության առթիվ ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ «Մեղրիի միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, եթե մենք ապագայի մասին պետք է մտածենք, պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին»,- ասաց նա: