ԱԱԾ պաշտոնյան հայտնել է հեռանալու մասին

Երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է

աած

ԱԱԾ սպա, մայոր Գրիգորի Թավադյանը հայտնել է համակարգից հեռանալու որոշման մասին։

Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային անվտանգության ծառայության հարգարժան գործընկերներ

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից:

Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս:

Երախտապարտ եմ իմ բոլոր ղեկավարներին և գործընկերներին՝ այս տարիների համատեղ ծառայության համար: Ինձ համար մեծ պատիվ էր այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Ես մշտապես զգացել եմ բոլորիդ հարգանքը, մասնագիտական աճ ունեցել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, ինչից էլ ներշնչվել է այն վստահությունը, թե միասին օրեցօր ավելի ենք մոտենում մեր երազանքների Հայրենիքին:

Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ այսօրվա իմ որոշման հիմքում չկա որևէ քաղաքական հաշվարկ: Պարզապես ինձնից նենգաբար գողացել են իմ երազանքը, և սպային բնորոշ լռությունն ու չեզոքությունը պահպանելն այլևս վեր է իմ ուժերից։

Երկրի վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մեր հասարակությունը ծայրաստիճան պառակտվեց, մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել:

Այսօր, առավել քան երբևէ, երկրի ղեկավարի քաղաքական անկարողությունը կործանարար է մեր հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում, որոնցից ամենահրատապներն, անշուշտ, անհետ կորածների և գերիների հարցերն են:

Դեռևս հույս եմ հայտնում, որ պետությանը պատվով ծառայած սպայիս նման կտրուկ որոշումը իր տեղում և չափով որևէ կերպ կներազդի երկրի վարչապետի կողմից իրականությանը վերջապես առերեսվելուն՝ ի նշան անձնական և հանրային բողոքի։ Անասելի սեղմ է այն ժամանակը, որում նա պետք է սթափ գնահատի իր հեռանալու և նոր, կարող ուժերի համար ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։

Անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլոր համածառայակիցներիս և ամուր հավատ՝ մեր ընդհանուր երազանքի հանդեպ։ Պատիվ ունեմ»: