Ապրիլի 26
Մի երկմտեք բնավ: Մի վախեցեք: Երբ վախի ամենաաննշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ Ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք:
Նույն կերպ վարվեք նաև ձեր բոլոր հոգնած վիճակների ժամանակ: Երկրի վրա եղած ժամանակ Ես էլ հոգնություններ ապրեցի. այդ ժամանակ Ես բաժանվում էի անգամ Իմ աշակերտներից և առանձնության մեջ նստում ու հանգստանում էի, ինչպես որ հանգստացա ջրհորի եզերքին: Հանգստանալուց հետո էր, որ օգտակար եղա Սամարացի կնոջը:
Հանգստի համար հատկացված առանձնության ժամերին միշտ հաջորդում էր մի որևէ հրաշագործություն: Սովորեք Ինձնից: Ինձ համար մարդկային մարմնի սահմանափակումները ընդունելը նշանակում էր, մեղքից բացի, ենթարկվել այն նույն պայմաններին, որին ենթակա է մարդը:
Ես Իմ աշակերտներին սովորեցրել եմ հոգեկան ուժերի վերանորոգում և մարմնական հանգիստ: Ահա ձեզ մի օրինակ. երբ գլուխս բարձին դրած՝ քնեցի նավի մեջ: Այդ բնավ էլ անտարբերություն չէր, ինչպես Իմ աշակերտները կարծեցին, երբ աղաղակոմ էին. «Վարդապետ, քո հոգը չէ՞ բնավ, որ մենք կորչում ենք»: Այդ օրը Ես հարկ համարեցի սովորեցնել նրանց, որ անընդհատ գործունեությունը Իմ Հոր ծրագրի մեջ չի մտնում:
Երբ Պողոսը ասաց. «Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է Ինձ», բնավ չէր ուզում ասել, որ պարտավոր է ամեն ինչ անելոց հետո ապավինել Ինձ՝ ուժ ստանալու համար: Կամենում եմ ասել, որ կարող էր վստահ լինել, թե անհրաժեշտ զորություն կստանա Ինձնից՝ կատարելու համար Իմ բոլոր հանձնարարությունները:
Իմ գործերը աշխարհի վրա ավելի շատ արգելքի են հանդիպել գործով, գործով ու անդադրում գործով: Հոգնել չիմացող ու ջղային մարդը հաճախ է վանում Հոգին: Հոգին պետք է միշտ մարմնի տերը լինի և պարզ ու բնական ձևով՝ ըստ անհրաժեշտի օգտագործի նրան: Հանգստացեք Իմ մեջ:
Ինձ համար գործեր անելու համար առանձնապես հետամուտ մի եղեք: Մի ջանացեք առիթներ ստեղծել: Ապրեք Ինձ հետ ու Ինձ համար: Ես Եմ գործեր անողը. Ես Եմ առիթներ ստեղծողը:
0Comments