Սիրո ընծայաբերումը. Օրվա խորհուրդը

Հանգստացեք Իմ Սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով, յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար

Հիսուս

Մարտի 30

Ես Եմ ձեր Տերը, սիրող ու բարեգութ Տերը: Հանգստացեք Իմ Սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով: Յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար, հարատև վերընթացի մի ժամանակ: Այս բանը կարող է և դուք չտեսնեք, բայց Ես արտաքին երևույթներից ելնելով չէ, որ դատում եմ. Ես սրտին եմ նայում, իսկ ձեր սրտում Իմ Կամքը կատարելու միակամ ու հաստատուն ցանկություն եմ տեսնում: Պարզ նվերը, որ տրվում է ձեզ մի տղայի կամ որևէ մեկի կողմից՝ ձեզ հաճույք պատճառելու կամ իր սերը ցույց տալու համար, ավելի ընդունելի չէ՞ ձեզ համար, քան մեծարժեք նվերները ձեզ չսիրողների:

Նշանակում է՝ եթե անգամ դուք մտածեք, թե ձեր ջանքերը հնանալով՝ ապարդուն են դարձել, սակայն Ես այլ կերպ եմ նայում. Ես ընդունում եմ այն՝ իբրև Սիրո ընծայաբերում: Քաջ եղեք, Իմ Զավակներ:

Երբ մեկը վերձիգ բլուր է մագլցում, ավելի շատ գիտակցում է անդադար գայթող իր ոտքերի թուլությունը, քան վեհությունը տեսարանի՝ չզգալով անգամ իր վեր բարձրանալը: Ձեր ընթացքը մի կասեցրեք. սիրեք ու շարունակ ուրախ եղեք: