Այսօր առավոտյան՝ ժամը 10:10, ինձ հայտնեցին, որ բուժկետում կա աշակերտ, որը վատ է զգում: Նրա ինքնազգացողությունը լավ չէր, թուլություն էր զգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Դավթյանը` անդրադառնալով դպրոցից սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված աշակերտներին:
Նա նշեց, որ մինչ ինքն ու դպրոցի բուժքույրը բուժօգնություն են ցուցաբերել այդ աշակերտին, բուժկետ բերել են ևս մեկ աշակերտի: «Ես արդեն անհանգստացա և որոշեցի Շտապ օգնություն կանչել: Երեխաներին տեղափոխել ենք հիվանդանոց: 10:15 րոպեին մենք արդեն բժշկական կենտրոնում էինք: 10-15 րոպեից բժիշկներն ինձ ասում էին, որ երեխաների վիճակը լավ է, գնալով ավելի է լավանում, կաթիլային էին միացրել, հետո ավելացավ աշակերտների քանակը»,-հայտնեց նա:
Դպրոցի տնօրենը նշեց, որ չի հասցրել տեղեկանալ` ինչ սննդից են թունավորվել աշակերտները: «Մեզ ասացին, որ երկու օրից պարզ կլինի, համապատասխան անալիզներ են վերցրել: Սակայն կային երեխաներ, որ պնդում էին, որ սնունդը դրսից են գնել, նոր են եկել, կար 1 աշակերտ, որն ասաց` իր հետ սնունդ է եղել, տարել է տուն, նորից հետ բերել, իսկ մյուսներն ասում էին, որ և խաչապուրի են կերել, և պիցցա»,-նշեց նա:
Արտաշատի թիվ 5 դպրոցի բուֆետի աշխատակից Գայանե Նիկողոսյանը լրագրողներին հայտնեց, որ բուֆետում վաճառվող սնունդը տեղում չի պատրաստվում, ստանում են «Անահիտ Վարդանյան» ՍՊԸ-ից:
«Ստացած սնունդը հաջորդ օրվան չի մնում վաճառքի, եթե անգամ մեկ անուն ուտելիք մնա, հետ է ուղարկվում: Ես աշխատում եմ մինչև 13:30: Դրանից հետո ինչ ապրանք մնում է, ես գիտեմ, որ չի վաճառվում: Ես պահում եմ ինձ մոտ, դնում եմ դարակում, դուռը փակում: Հաջորդ օրը տալիս եմ, ետ են տանում: Ամեն օր նույն ապրանքն եմ ստանում, և արտառոց ոչ մի բան, ես անգամ օգտվում եմ այդ ապրանքից: Ես էլ աշխատում եմ ձեռնոցով, գլխարկով, սնունդը բերվում է փակ ամաններով, պահվում է դարակներում»,-նշեց նա:
Բուֆետի աշխատակցի խոսքով` «Անահիտ Վարդանյան» ՍՊԸ-ն սնունդ մատակարարում է ոչ միայն իրենց, այլև տարբեր այլ դպրոցների` թվով 15 կամ 16, և նման միջադեպ միայն այսօր է եղել:
Հիշեցնենք, այսօր Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
0Comments