Սննդաբաժնի փոփոխությունը, այն է՝ հրաժարումը մշակված մթերքներից, գազավորված ըմպելիքներից, շոկոլադից, կոնֆետներից եւ տապակած մթերքներից, զգալիորեն նվազեցնում է դեպրեսիայի ախտանշանները, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով PLOS ONE-ին։
Փաստը, որ առողջ սնունդը եւ սպորտը նվազեցնում են դեպրեսիայի առաջացման ռիսկը, վաղուց հայտնի է բժշկությանը։ Անկախ հետազոտությունները ցույց են տվել. ֆիզիկական ակտիվությունը 25 տոկոսով նվազեցնում է ռիսկը, դիետան՝ 11 տոկոսով։
Նկատի ունենալով այս տվյալները՝ ավստրալական Մակքերի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ սննդակարգի փոփոխությունները կարող են մեղմել պացիենտների հիվանդության ընթացքը, որոնք արդեն տառապում են դեպրեսիայից։
Այս վարկածը հաստատելու համար նրանք կատարել են հետազոտություն, որին մասնակցել է 17-35 տարեկան 76 ուսանող։ Բոլոր կամավորների մոտ եղել են չափավոր դեպրեսիայի բնութագրական ախտանշաններ, եւ նրանք բոլորն օգտագործել են մեծ քանակությամբ ճարպ եւ շաքար պարունակող ուտելիքներ, ինչպես նաեւ արդյունաբերական մշակման ենթարկված մթերքներ։ Այս տարիքային խմբի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ երիտասարդները հաճախ տառապում են դեպրեսիայից, եւ հենց կյանքի այդ փուլում վճռական նշանակություն ունեն ճիշտ սնվելն ու առողջ կենսակերպը։
Կամավորներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները շարունակել են սովորական կենսակերպը, իսկ երկրորդ խումբը սննդաբանի օգնությամբ անցել է միջերկրածովյան դիետայի՝ ամեն օր կերակրացանկում եղել են բանջարեղենի հինգ բաժին, երկու-երեք բաժին միրգ։ Եվ անպայման՝ որակյալ սպիտակուց՝ ձուկ, տոֆու, կաթնամթերքներ եւ ձու, ինչպես նաեւ հացահատիկեղեն, ձիթայուղ, ընկույզ։ Բացի այդ, մասնակիցները հրաժարվել են օգտագործել սովորական ածխաջրեր, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ եւ շաքարի ու ճարպի բարձր պարունակությամբ մթերքներ։
Որպեսզի փորձի մասնակիցների մոտ չառաջանա անորակ մթերք գնելու ցանկություն՝ խնայելու նպատակով, նրանց տրամադրվել է թանկարժեք կերակուր։ Բացի այդ, հետազոտության վերջում նրանց խոստացել են պարգեւ հետազոտությանը մասնակցելու համար։ Հետո փորձարկվողներին ամեն օր հարցրել են նրանց առողջական վիճակի մասին։ 21 օր հետո, որոնք, ըստ գիտնականների, միանգամայն բավական են սննդային սովորությունները փոխելու եւ ֆիզիկական տվյալները վերահսկելու համար, երկու խմբերը զննվել են հոգեկան, կոգնիտիվ եւ բժշկական թեստերի օգնությամբ։
Թեստերի արդյունքը ցույց է տվել. այն մասնակիցների մոտ, ովքեր երեք շաբաթվա ընթացքում խստորեն հետեւել են նշանակված դիետային, դեպրեսիայի ախտանշանները զգալիորեն նվազել են։ Իսկ երեք ամիս անց նրանք ցուցաբերել են ավելի մեծ սթրեսակայունություն եւ կայուն հոգեկան վիճակ՝ հետազոտութան սկզբի համեմատ։
Բայց գիտնականներն ընդգծում են. թեեւ առողջ դիետան կարող է օգնել դեպրեսիայի բուժմանը, այն ոչ մի կերպ չի փոխարինում հոգեթերապիային կամ դեղամիջոցներով բուժմանը։
0Comments