Գիշերամիզությունը (էնուրեզ) երեխաների մոտ շատ տարածված երևույթ է: Առհասարակ, 3 տարեկան հասակից երեխաները դադարում են միզել գիշերները, սակայն լինում են դեպքեր, երբ այդ երևույթը շարունակական բնույթ է կրում: Սա կարող է ունենալ մի քանի պատճառ`
– Շատ հաճախ երեխաների նյարդային համակարգը բավականաչափ զարգացած չի լինում, որպեսզի միզապարկից եկող ազդակը հասցնի գլխուղեղին:
– Լինում են դեպքեր, երբ գիշերամիզությունը միզապարկի չափերից է կախված: Փոքր միզապարկը պատրաստ չի լինում պահել մեծ քանակությամբ մեզ:
Եթե երեխայի գիշերամիզության խնդիրը սա է, պետք չէ անհանգստանալ. ժամանակի ընթացքում միզապարկը մեծանում է` վերջ տալով այս խնդրին:
– Գիշերամիզությունը կարող է լինել ժառանգաբար փոխանցված երևույթ:
– Ժամանակ առ ժամանակ գիշերամիզության պատճառ կարող է հանդիսանալ երեխայի հուզական վիճակը: Երեխան ավելի շատ սկսում է գիշերները միզել, եթե որևէ անհանգստություն ունի, կամ եթե կոնֆլիկտներ է ունեցել դպրոցում, տանը, ընկերների հետ:
– Կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները ևս առաջ են բերում գիշերամիզություն:
Պետք է նշել նաև, որ լինում են դեպքեր, երբ գիշերամիզությունը պարզապես ծնողների ուշադրությունը գրավելու միջոց է: Հատկապես, եթե տանը կա նորածին երեխա, ավագ երեխան հենց գիշերները միզելով է փորձում ետ բերել իր ծնողների սերն ու ուշադրությունը:
Երբեմն գիշերամիզությունը դադարելուց հետո կարող է վերսկսվել, որը պայմանավորված է որոշ վախերով, անապովության զգացումով կամ էլ զուգարան գնալը երեխայի համար չափազանց ճնշող ու սթրեսային է:
Երեխաները դիտավորյալ չեն միզում և իրենց այդ արարքի համար ամոթի զգացողություն են ունենում: Չի կարելի երեխաներին սաստել, զայրանալ նրանց վրա, բղավել, մեղադրել կամ ամաչեցնել: Չափից շատ խստությունը կարող է ավելի սրել իրավիճակը, և արդյունքում երեխաներն իրենց նվաստացած և անպետք կզգան, որը անդրադառնում է նաև նրանց ինքնագնահատականի վրա:
Ընդհակառակը, պետք է քաջալերել նրանց գիշերները չմիզելու դեպքում, հավատ ներշնչել նրանց մեջ, որ շուտով նրանք կդադարեն գիշերները միզել:
Գիշերամիզության խնդիրը հիմնականում լուծվում է ծնողների, հոգեբանների, մանկաբույժների աշխատանքների շնորհիվ, սակայն եթե երեխայի մոտ գիշերամիզության հետ մեկտեղ նկատվում են նաև հուզական ախտանիշներ` մշտական տխրություն, դյուրագրգռություն, ուտելու կամ քնելու ռեժիմի խախտում, ապա ցանկալի է խորհրդակցել մանկական հոգեբույժի հետ, ով կգնահատի գիշերամիզության պատճառ հանդիսացող ֆիզիկական և հուզական խնդիրները և կաշխատի երեխայի և ծնողների հետ այս խնդիրները լուծելու համար, գրում է medmedia.am
0Comments