Եթե շարունակենք գնալ քրեական գործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում մի արդար ու անբիծ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորս մեղավոր ենք՝ տարբեր չափի զանցանք-հանցանքների համար։ Երեկ եւս 2 նախկին պաշտոնյա հայտնվեց իրավապահների տեսադաշտում՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվեց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։ Սակայն, երբ ծանոթանում ես Քննչական կոմիտեի եւ ՀՔԾ-ի հաղորդագրություններին, պարզ է դառնում, որ սա սկիզբն է երկրորդ արարի, եւ շուտով մեղադրանք է հարուցվելու մեծ թվով այլ անձանց դեմ։ Վիգեն Սարգսյանի մեղադրանքից ակնհայտ է, որ մեղադրանք կառաջադրվի նաեւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին, որոնք մասնակցել են զինծառայողների բնակարանների տրամադրման գործընթացին։ Իսկ Ալիկ Սարգսյանի մեղադրանքն ընթերցելիս մի ահռելի ցանկ է հառնում։ Եվ այսպես՝ թիրախում են Գեւորգ Կոստանյանը, Ալեքսանդր Աֆյանը, Հայկ Միլիտոնյանը, Հովհաննես Թամամյանը, Ներսես Նազարյանը, Աշոտ Գիզիրյանը, Արթուր Դաստակովը, Գեղամ Պետրոսյանը, Բագրատ Խաչատրյանը, փորձագետ Արթուր Հովհաննիսյանը, քննիչ Արմեն Հակոբյանը, իսկ Գեւորգ Մհերյանն ու Հայկ Հարությունյանը, փաստորեն՝ հետմահու։
Հասկանալի է, որ հեղափոխության երկրորդ՝ առավել անողոք փուլն ենք թեւակոխել։ Հասկանալի է, որ սա արվում է մեր հասարակության վրիժառու հատվածի պատվերով ու նրան հաճոյանալու համար։ Բայց մի ողջ երկրի պաշտպանության եւ ոստիկանության համակարգեր հանցագործ անվանելը, չենք կարծում, որ մեր երկրի շահերից է բխում եւ նպաստելու է Հայաստանի Հանրապետության առաջընթացին։ Եվ ովքեր են դատավորները։ Աստվածաշունչն ասում է․ «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար նետի»։
0Comments