Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը նշանածի հետ է եղել

Հետագայում կպարզվի, թե վնասվածքներն արջի հետ կռվի, թե գլխով քարերին բախվելու հետևանք են

Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված երիտասարդ տղան մահացել է։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Sputnik Արմենիային հայտնի են դարձել դեպքի մանրամասները։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Հետագայում կպարզվի, թե վնասվածքներն արջի հետ կռվի, թե գլխով քարերին բախվելու հետևանք են։

Մեր տեղեկություններով՝ արջը ողջ է մնացել, քանի որ հայտնաբերվել է միայն երիտասարդի դին․ ամենայն հավանականությամբ՝ կենդանին փախել է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

armeniasputnik.am