Իրանահայ լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգիի աշխատանքները՝ Երեւանի Կապույտ մզկիթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի՝ Armenian Photo Fest-ի շրջանակում այսօր՝ Երեւանի Կապույտ մզկիթում կայացավ ասուլիս եւ ցուցահանդես՝ նվիրված Իրանում մեծ համբավ ունեցող հայ լուսանկարիչին

Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի՝ Armenian Photo Fest-ի շրջանակում այսօր՝ օգոստոսի 31-ին, Երեւանի Կապույտ մզկիթում կայացավ ասուլիս եւ ցուցահանդես՝ նվիրված Իրանում մեծ համբավ ունեցող հայ լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգիի աշխատանքներին:

Սեւրուգին Իրանում մեծ ճանաչում ձեռք բերելով Իրանի Ղաջարական եւ Փահլավի արքաների դարաշրջանում՝ հայտնվել է Մուզաֆար ալ-Դին Միրզայի արքունիքում եւ արժանացել «Խանի» տիտղոսին:

Իվեթ Թաջարյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է իրանահայ լուսանկարչի կենսագրությունն ու աշխատանքները, նկատեց, որ Սեւրուգին Իրանում արժանացել է այնպիսի համբավի եւ ճանաչման, որին ձգտում են շատ մեծ լուսանկարիչներ.

ցուցահանդես

«Նա եղել է շահի անձնական լուսանկարիչը եւ իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեւիցե որեւէ պարսիկ լուսանկարիչ չէր եղել: Անտուանի լուսանկարները նաեւ արժեւորվում են նրանով, որ նա առաջինն էր, որ Իրանում սկսեց ստեղծագործել գեղարվեստորեն: Մինչ Անտուանն, առհասարակ, աշխարհում շատ քիչ լուսանկարիչներ կային, որ գեղագիտորեն էին մոտենում պատմական փաստին, նրանք պարզապես լուսանկարում էին իրադարձությունը: Նա այնքան հավատարիմ անձ է եղել շահին, որ ոչ միայն  նրա անցուդարձն ու խրախճանքներն է լուսանկարել, այլեւ նրան թույլ է տրվել լուսանկարել անգամ այն իրադարձությունները, որոնք, միգուցե, իրենց քաղաքականությանը չէին համապատասխանում»:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին էլ իր հերթին ողջունեց Կապույտ մզկիթում նման մշակութային իրադարձության կայացմանը՝ շեշտելով, որ դա եւս մեծ քայլ է հայ-իրանական մշակութային հարաբերություններում.

ցուցահանդես

«Չնայած Կապույտ մզկիթը վաղուց դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը՝ դրա ներուժն իրականում ավելի մեծ է. այն պատմամշակութային կենտրոն է, որը մեծ գործունեություն է ծավալում: Այս միջոցվառմամբ եւս մեկ անգամ ցանկանում էինք ցուցադրել այդ ներուժը: Սեւրուգին մեծ համբավ ունի Իրանում, եւ նրա լուսանկարները կարող եք տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում:

ցուցահանդես

Այսօր ցուցադրվող նրա  աշխատանքների կողքին կարող եք նաեւ տեսնել Իրանում գտնվող հայկական եկեղեցիների, մշակույթի կենտրոնների լուսանկարներն՝ իրենց մեկնաբանություններով: Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ հոգատարությամբ են  Իրանում վերաբերվում հայկական կոթողներին»:

ցուցահանդես

Հայկական լուսանկարչական միջազգային փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այն մեկնարկել է օգոստոսի 24-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը:

Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են:

ցուցահանդես

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

ցուցահանդես