Ավանում «Հարսնաքար»-ի մոտ բախվել են «Lexus»-ը, «Nissan Note»-ն ու «Volvo XC90»-ը. կա վիրավոր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 00:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 330» (վարորդ՝ 33-ամյա Արման Գ.), «Nissan Note» (վարորդ՝ 21-ամյա Էրիկ Ս.) եւ «Volvo XC90» (վարորդ՝ 24-ամյա Յուրի Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: