Անհայտ «Սանտան», որ հեռուստացույցներ է նվիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանները դեռ չեն հայտնաբերել նրան, նրանք ենթադրում են, որ դա անում է ոչ թե մեկ, այլ մի քանի մարդ, ամենայն հավանականությամբ՝ ավագ դպրոցի սաներ կամ քոլեջի ուսանողներ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Գլեն Ալեն բնակավայրում անհայտ անձը գիշերվա ժամերին հին հեռուստացույցներ է դնում բնակիչների տների առաջ: Տեսահսկման համակարգի տեսախցիկներն արձանագրել են, որ անհայտ անձը կրում է հեռուստացույցի տեսքով սաղավարտ, հայտնում է businessinsider.com-ը:

Նշվում է, որ նման «նվեր» է արդեն ստացել մոտ 60 տան բնակիչ: Բնակիչներն անհայտ անձին «Հեռուստասանտա» են կոչում:

Ոստիկանները դեռ չեն հայտնաբերել նրան: Նրանք ենթադրում են, որ դա անում է ոչ թե մեկ, այլ մի քանի մարդ, ամենայն հավանականությամբ՝ ավագ դպրոցի սաներ կամ քոլեջի ուսանողներ:

«Ամենայն հավանականությամբ դա անմեղ խուլիգանություն է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին «Սանտան» գործել է հարևան շրջանում. այդ ժամանակ հին հեռուստացույց է ստացել մոտ 20 մարդ:

Ոստիկանությունում նշել են, որ եթե արարքի հեղինակները հայտնաբերվեն, ապա նրանց սպառնում է միայն աղբի անօրինական նետման համար մեղադրանք:

Նշվում է, որ թողնված բոլոր հեռուստացույցները ոստիկաններն առգրավել են ու վերամշակման ծառայությանը հանձնել:

 

 

Video shows figures leaving vintage TVs on Henrico front porches