Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների մոտ պատանդ պահվող հատուկջոկատայիններին գիշերը բուժօգնություն է ցուցաբերվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալությանը հայտնել են երկրի նախկին նախագահի շտաբից:
«Իշխանությունները չեն կատարել ներկայացված պայմանները, այդ իսկ պատճառով նրանք դեռ մեզ մոտ են: Նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել է շտաբի ներկայացուցիչը:
Ի դեպ, հաղորդվում է, որ Կոյ Տաշ գյուղից, որտեղ գտնվում է նախկին նախագահի կեցավայրը, ուժայինները հեռացել են: Ինչպես հայտնել են նախկին նախագահի կողմնակիցները, տարածքը լքել են թե՛ ոստիկանությունը, թե՛ հատուկ ջոկատը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:
Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 43 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:
Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:
0Comments