Ես դա համարում եմ Հայաստանի Հանրապետության ամոթն ու խայտառակությունը

Սրանից ծանր էլ ի՞նչ մեղադրանք պետք է լինի, որ իրավասու մարմինների կողմից արժանանան համապատասխան իրավական գնահատականի

Երբ Հայաստանի վարչապետը Ստեփանակերտում հրապարակավ հայտարարում է, որ արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը, ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի և որպես փաստաբան, կարող եմ ենթադրել, որ առնվազն այդպիսի ազդեցության փորձ արվել է ՀՀ դատարանների նկատմամբ, որի մասին ՀՀ վարչապետն իրազեկված է:

Եթե իրականում եղել է այդպիսի բան և կան դատավորներ, ովքեր տրվել են որևէ ազդեցության և հատկապես՝ արտաքին և կատարել են որոշակի գործողություններ ու շարունակում են պաշտոնավարել, և եթե մինչ այս պահը նրանց պետական դավաճանության մեղադրանք առաջադրված չէ, ես համարում եմ Հայաստանի Հանրապետության ամոթն ու խայտառակությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու, թե ո՞ր դատարաններն են հանդիսանում ազգային անվտանգության սպառնալիք:

Ինքս այն համոզմունքն ունեմ, որ պետական գործչի ցանկացած հրապարակային խոսք պետք է հիմնված լինի փաստերի, կոնկրետ իրողությունների և իրադարձությունների, ինչպես նաև բացարձակ ճշմարտության վրա:

Սրանից ծանր էլ ի՞նչ մեղադրանք պետք է լինի, որ իրավասու մարմինների կողմից արժանանան համապատասխան իրավական գնահատականի:

Փաստաբան Նորայր Նորիկյան