Այսօր Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել,համաձայն որի՝ «սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»:
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով այս որոշումը, ասաց, որ, քանի որ հիմնականում բարձրացվում են խնդրո առարկայի որոշակիության, հետադարձ ուժի հետ կապված խնդիրներ, իսկ դրանցից յուրաքանչյուրը Եվրոպական դատարանի կողմից կայուն նախադեպերով զարգացվող հարցադրումներ են, դրանց վերաբերյալ ունենալով ամենաբազմակողմանի և հեղինակավոր կարծիքներ, այդ թվում՝ նաև Վենետիկի հանձնաժողովի, ՍԴ-ն օգտվել է այդ գործիքից՝ կասեցնել և դիմել հենց այդ մարմիններին՝ խորհրդատվական բնույթի կարծիքի համար։
«Եվրոպական շատ-շատ երկրներ օգտվել են այդ հնարավորությունից ու դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ Ուկրաինա, Բուլղարիա օրինակ։ Շատ դեպքեր կան»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ թեպետ այդ կառույցների կարծիքը խորհրդատվական է և իմպերատիվ ուժ չունի, այն ըստ էության իր տեսակի մեջ «փափուկ օրենք է»։
«Եթե, օրինակ, Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ կա որոշակիության լուրջ խնդիր, էլ այդ ժամանակ ի՞նչ պետք է ասվի։ Այսինքն՝ եթե Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչ սահմանադրագետ գիտնականներին ներկայացնող մարմինն ասում է, որ այդ նորմը եվրոպական ստանդարտին չի համապատասխանում, ի՞նչ ասես այդ ժամանակ»,-հավելեց սահմանադրագետը։
Մեր այն հարցին, թե ՍԴ-ի շուրջ զարգացումներն ի՞նչ կերպ կարող են ազդել եվրոպական ազդեցիկ այդ կառույցների կարծիքը հաշվի առնելու հարցի վերաբերյալ, այսինքն՝ եթե ինչ-որ կերպ ՍԴ կազմը փոխվի, ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս գործով, Արամ Վարդևանյանն ասաց, որ, երբ խոսվում է ՍԴ-ի կամ այլ մարմնի նկատմամբ վստահության մասին, և այլ նման հարցադրումներ են արվում, դրանք, իհարկե, որևէ իրավական արժեք չունեցող են, բայց սա այն ճիշտ գործիքներից մեկն է, որ պատասխանը կամ ՍԴ կայացրած որոշումը բխի ամբողջ Եվրոպայի խորհրդի գաղափարի իրավական մշակույթից և այդ առումով քննարկելի չլինի։
«Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ՍԴ կազմը, այն չի կարող հաշվի չառնել ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։
Իրավաբան, սահամանդրագետ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հ/կ համահիմնադիր Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը մենք ձեռք ենք բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Այդ արձանագրությունը կազմվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի հիման վրա, մասնավորապես, իսկ այն ՀՀ-ի կողմից վավերացվել է 2017թ.։
«Արձանագրության նպատակն այն էր, որ այն վավերացրած երկրների բարձրագույն դատարաններն իրավունք ունենան խորհրդատվական կարծիքի համար դիմել ՄԻԵԴ։ Քանի որ ՀՀ-ն այդ արձանագրությունը վավերացրած պետություն է, ՀՀ բարձրագույն մարմին որպես՝ ճանաչվել են բարձրագույն դատարանն ու Վճռաբեկ դատարանը։ Եթե չեմ սխալվում, սա առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, և դատարանը դիմում է խորհրդատվական կարծիքի»,- ասաց Գոհար Մելոյանը։
Նա նշում է նաև, որ, ըստ այդ արձանագրության, կարևոր է նկատի ունենալ, որ նախ քննվելու է տվյալ դիմումը վարույթ ընդունելու հարցը, ապա, եթե այդ որոշումը կայացվում է, սկսվում է տվյալ գործի վերաբերյալ խորհրդատվական կարծիք պատրաստելու գործընթաց։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Սահմանադրական դատարանը չընկրկեց ճնշումների դեմ ու ըստ կարգի՝ օգտվեց միջազգային հեղինակավոր կառույցներին դիմելու իր հնարավորությունից։
Սպասենք զարգացումներին։
0Comments