Փիառը վաղուց մեզանում կարեւոր մասնագիտություն է դարձել եւ «փիառշչիկները» պահանջված են մեզանում, հատկապես՝ նախընտրական շրջաններում եւ նրանց կողմից, ովքեր հանրային ընկալման մեջ բացասական ասոցիացիաներ են առաջացնում։ Արդյունքում՝ փիառշչիկների ծառայություններից օգտվում են բացասական իմիջ ունեցող անձինք՝ օլիգարխներ, սկանդալային գործիչներ, մերժված քաղաքական գործիչներ, վարկանիշի անկում արձանագրած պաշտոնյաներ։ Փիառի տարբեր ձեւեր կան, որոնք տարբեր արդյունավետություն ունեն, սակայն, գրագետ ու խելացի փիառն անպայման իր արդյունքը տալիս է եւ սուբյեկտը նեգատիվ դաշտից կամաց տեղափոխվում է եթե ոչ պոզիտիվ դաշտ, գոնե չեզոք տարածք։
Որ կանոններն են կիրառում հայ փիառշչիկները եւ ինչպես հասկանալ, որ գործ ունենք փիառի տարրական կանոնների հետ։ Ինչպես են փորձում բարձրացնել բացասական իմիջ ունեցող մարդկանց վարկանիշը։
Կանոն 1
Դրական լուրերի եւ տեղեկատվության տարածում տվյալ «հերոսի» մասին․ Սա իրականացվում է տարբեր ձեւերով՝ ահա, ձեր կողմից մերժված ու ատելի գործիչը բարեգործություն է անում։ Ճանապարհ է կառուցում, աղքատ ընտանիքներին է օգնում։ Ընդ որում՝ կարեւոր չէ ինչով․ մի դեպքում դա կարող է լինել բնակարան բազմազավակ ընտանիքի համար, մյուս դեպքում անվասայլակ հաշմանդամի, երրորդ պարագայում՝ առաջին դասարանցու պայուսակ կամ՝ օգտագործված համակարգիչ։ Բնակաբար այդ ամենը պետք է լավ լուսաբանվի՝ ցանկալի է հեռուստատեսությամբ, շնորհակալության խոսքեր հնչեն բարերարի մասին։
Կանոն 2
Հայ ժողովրդի հոգեբանության իմացության վրա կառուցված փիառ։ Անպայման երեխաների մասնակցությամբ միջոցառումներին մասնակցություն։ Դա կարող է լինել բարեհամբույր ժպիտը դեմքին մանկական հանդես դիտելու տեսարան, երեխաների հետ գրկախառնված լուսանկար, երեխաների գլուխը շոյելիս լուսանկար կամ տեսանյութ, կամ՝ երեխաների հետ երգ ու պար, գետնին նստած խաղալ կամ ինչ որ սպորտային մրցույթի մասնակցել։ Ամենաատելի գործչի հասցեին անգամ բացասական որեւէ բառ չի ասվում՝ երբ տեսնում են նրա՝ որեւէ անծանոթ երեխայի գլուխը շոյելիս լուսանկարը։ Իսկ եթե դա նաեւ խեղճ ու աղքատ երեխա է, մանկատան կամ հատուկ դպրոցի սան՝ արդյունքը կրկնակի է։
Կանոն 3
Բարձր վարկանիշ ունեցող անձանց հետ մտերմություն, շփումներ, հանդիպումներ։ Ասենք՝ Տիգրան Մանսուրյանի, Ջիվան Գասպարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի, Արամ Առաջինի, հանգուցյալ Ազնավուրի եւ այլն։ Այս անձանց հետ ցանկացած հանդիպում՝ եթե գործիչը հայտնվում է հանրության տեսադաշտում՝ նշված հեղինակավոր անձի հետ գրկախառնված, կամ՝ փոխադարձ ջերմ ժպիտներով իրար բարեւելիս, կամ՝ նրա ծննդյան օրը նշելիս, կամ՝ նրա կողքին նստած ինչ- որ միջոցառման մասնակցելիս, ապա արդյունքում հեղինակավոր անձի վարկանիշից մի փոքրիկ «մաս» փոխանցվում է նշված սուբյեկտին։ Թվում է, թե փիառն ապահովող հեղինակավոր անձը պետք է խուսափի իր հեղինակության հաշվին մյուսի համար վարկանիշ ապահովելուց, բայց մարդիկ երբեմն ամաչում են հրաժարվելուց, երբեմն գայթակղվում են, երբեմն մեծարման կարիք են զգում եւ այլն, արդյունքում շահում են քաղաքական ցածր վարկանիշ ունեցող անձինք։
Սրբուհի Գալստյան
Հոգեբան
0Comments