Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ազատվի նախագահի պաշտոնից: Այս մասին են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են հուլիսի 3-ին։
Վերլուծաբանները նշում են, որ հարցվածների 45 տոկոսն աջակցում է ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ դեմոկրատների առաջարկին՝ պետության ղեկավարին իմպիչմենտ հայտարարելուն: Ընդ որում՝ հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք չէ հեռացնել այդ պաշտոնից։
Ի դեպ, Հանրապետական կուսակցության կողմնակիցների միայն 7 տոկոսը և Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 81 տոկոսը կարծում են, որ ամերիկացի առաջնորդը պետք է պաշտոնանկ արվի:
Աղբյուրը նշում է, որ Թրամփի պաշտոնանկության կողմնակիցների թիվն ավելի բարձր է, քան երկրի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցանիշը՝ Մոնիկա Լևինսկու հետ դավաճանությունից հետո, և 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ցուցանիշը՝ Ուոթերգեյթյան սկանդալից հետո:
Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 19-30-ը, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի:
Հիշեցնենք, որ Թրամփի հանդեպ անվստահության նման բարձր մակարդակ արձանագրվել էր նաև մայիսին: Այդ ժամանակ նույնպես պաշտոնանկության գաղափարին աջակցել է ամերիկացիների 45 տոկոսը:
0Comments