Հոտից չենք կարողանում պատուհան բացել

Արցախի փողոցում առնետներն ակտիվացել են

Երևանի Արցախի փողոցի 8–րդ եւ 10–րդ շենքերի բնակիչները Գետառի պատճառով բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք ավելի են սրվում ամռանը։ NEWS.am–ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ գարշահոտությունից չեն կարողանում պատուհան բացել, իսկ վերջին շրջանում բակերում հաճախ առնետներ են նկատվում։

«Ահավոր է, Գետառի կողքով չենք կարողանում անցնել։ Մարդանման առնետներ են, երեխաների մեջ ընկած։ Այսպես հնարավոր չէ ապրել, պետք է այս հարցին լուծում տան։ Ընտրել ենք մենք մեր ղեկավարին եւ հուսով ենք, որ այս հարցին լուծում կտան»,– ասաց բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով՝ գարշահոտությունը հատկապես անտանելի է դառնում շոգ եղանակին։

«Դուրս ենք եկել բեսեդկա, այս հոտից չենք կարողանում նստել։ Մոստի տակի կարճ ճանապարհով դուրս գալն անհնարին է։ Մոծակներն էլ այդ հոտից ավելի շատ են հավաքվում այս տարածքում»,– ասաց մեկ ուրիշը։

Բնակիչների խոսքով՝ մեղավոր են ոչ միայն պատկան մարմինները, որոնք չեն մաքրում տարածքը, այլև բնակիչները, որոնք աղբը չեն թափում համապատասխան վայրում։

«Ժողովուրդն էլ է անպետք, աղբը տանում թափում են Գետառի մեջ, մոստի տակ։ Շատ կեղտոտ է, այստեղ երեխաները խաղում են, ահավոր է, մարդիկ իրենց զիբիլը վերցնում, բերում լցնում են այստեղ»,– ասացին բնակիչները, իսկ նրանցից մեկը նշեց, որ մի քանի օր առաջ Գետառի մեջ նույնիսկ վերմակներ է նկատել։