Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել. Լիլիթ Մակունց

Իրականում նրանք ձևակերպումների մեջ որոշակի փոփոխություններ էին արել, որն ամբողջ միտքն ըստ էության փոխել էր

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելը, ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին հայկական պատվիրակության չքվեարկելը, ԵԽԽՎ-ում ստեղծված վիճակը պատահական չէ, որովհետև, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ է մշակում:

168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ այս քայլերի ֆոնին որքանո՞վ է դա իրատեսական, ի՞նչ կհաջորդի դրան, արդյոք խաղաղապահների հարցը, որի մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, ու որը չհերքեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կարո՞ղ է դրան պատասխան քայլ լինել:

«Բացարձակ եզր չունի իրականության հետ: Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել: Չկա նման բան, ես ընդհանրապես տեղյակ չեմ նման նախագծի գոյության մասին, և, իհարկե, նման նախագիծ չկա»,- ասաց Լ.Մակունցը:

Նա հիշեցրեց, որ Մամեդյարովի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Իրականում նրանք ձևակերպումների մեջ որոշակի փոփոխություններ էին արել, որն ամբողջ միտքն ըստ էության փոխել էր»:

Այդ լուրերը հերքեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ամբողջությամբ սուտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ Մամեդյարովի հայտարարությունն էլ դրա հետ որևէ կապ չունի: