Վերին Լարսում բռնված հայ վարորդը ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց կալանավորվել է

Ընկերությունը Վրաստանում ՀՀ դեսպանությանը խնդրել է զբաղվել խնդրով, սակայն մինչ այս պահը ըստ Հարությունյանի՝ դեսպանատունը քայլեր չի ձեռնարկել հայ վարորդին իրավական աջակցություն ցուցաբերելու

Երեկ երեկոյան Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդն, ով քննիչի որոշմամբ ազատ էր արձակվել վրացի դատախազի որոշմամբ կալանավորվել է։ Այս մասին  խոսեց հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը։ Նա նշեց, որ 35–ամյա Արտյոմ Խաչատրյանը, թեև քննիչի մոտ ապացուցել է, որ ինքը որևէ կապ չունի տեղափոխվող բեռի հետ, ասածը հաստատող տվյալներ և տեսանյութ է ներկայացրել, սակայն դատախազության որոշմամբ նրան կալանավորել են և տեղափոխել կալանավայր։

Ընկերությունը Վրաստանում ՀՀ դեսպանությանը խնդրել է զբաղվել խնդրով, սակայն մինչ այս պահը ըստ Հարությունյանի՝  դեսպանատունը քայլեր չի ձեռնարկել հայ վարորդին իրավական աջակցություն ցուցաբերելոև և վրացի իրավապահների հետ հարցը քննարկելու համար։

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Վիգեն Հարությունյանը  տեղեկացրել էր, որ ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան 3 ժամից կհասնի Երևան։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։