Բրազիլիայի կառավարությունը մինչև 2022 թվականը ծրագրում է երկրի 44 օդանավակայանները փոխանցել մասնավոր ներդրողների կառավարմանը: Այս մասին երկուշաբթի հայտնել է պետական հեռահաղորդակցային ընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ն՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի ենթակառուցվածքների նախարար Տարսիզիու Գոմես դի Ֆրեյտասի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ մարտին կայացած աճուրդի ժամանակ կոնցեսիոն համաձայնագիր կնքելու իրավունքի համար փորձարկված մոդելը, որի շրջանակում մասնավոր կառավարման է փոխանցվել 12 օդանավակայաններից բաղկացած համալիրը, հաջող կարելի է համարել:
«Նախագիծն աշխատում է, [ներդրողները] լավ են արձագանքում դրան, մենք բավականին հետաքրքիր առաջարկներ ենք ստացել»,-հավելել է նա:
Ակնկալվում է, որ 44 օդանավակայանների կառավարման իրավունքը հանձնվելու է երկու աճուրդների ընթացքում, յուրաքանչյուրի հաղթողը ստանալու է քսաներկու օդանավակայանների կառավարման իրավունքը: Առաջին «փաթեթի» աճուրդը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերին, իսկ հաջորդը, ենթադրաբար, տեղի կունենա 2021 թվականի վերջին-2022 թվականի սկզբին: Կառավարությունում կարծում են, որ սա խթան կհանդիսանա քաղաքացիական ավիացիայի շուկայի զարգացման համար:
0Comments