Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից. Անի Սամսոնյան

Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան

Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ էր: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը: Մարուքյանը խքոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն»:

«Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան: Գիտեք, որ հարեւան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, եւ այդ ֆոնին պարոն Մարուքյանն առաջարկում էր ընդամենը ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա, որպեսզի դուք կենտրոնանանք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա: Նախ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք մտահոգվել փայլուն կառավարություն արտահայտությունից, որովհետեւ դա ձեր արտահայտությունն է, մի գուցե, ձեր կառավարությունն այդքան էլ փայլուն չէ, եւ այդ բառը ձեզ այդպես անհանգստացրել է: Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել բամբասկոտ տղամարդկանց նկատմամբ նման արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն Բաքուն եւ Անկարան: Շարունակեք այդ գործելաոճը, եւ կենտրոնացեք ինչ-որ ոճաբանությունների վրա, բայց ոչ՝ առաջարկի, եւ այդպես էլ անգործության մեջ մնացեք»,-ասաց Սամսոնյանը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Անի Սամսոնյանի ելույթին.

«Չի կարելի, ես խնդրում եմ զերծ մնալ նման արտահայտություններից, եւ չիջնել մնացածի մակարդակին: Խոսքը ոճաբանությանն է վերաբերել, տիկին Սամսոնյան ձեզ հրավիրելուց ես ինձ իրավունք չեմ վերապահի երբեւիցե հրավիրել սիրուն կամ  գեղեցիկ աղջկա, դա ձեր միակ արժանիքը չէ, ինչպես նաեւ կառավարության միակ արժանիքը, եւ նշված միակ արժանիքը գեղեցիկ եւ փայլուն լինելը չէ»: