Հաճելի անակնկալ ունեմ

Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո ԱԺ նիստերի դահլիճը պայթեց ծիծաղից

Խորհրդարանն այսօր ևս երկար կաշխատի: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությանը կողմ արտահայտվեց 86 պատգամավոր, դեմ՝ 8:

Երբ Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջարկ ունի՝ դեռ չասելով, թե ինչի մասին է խոսքը, խորհրդարանում ծիծաղներ հնչեցին, նույնիսկ պատգամավորներ եղան, որ արագ հասկացան, թե ինչի մասին է խոսքը և միանգամից ասացին, որ համաձայն են: Սակայն ոչ բոլորն են ուզում այսօր էլ երկար աշխատել:

«Չէ՜, ավելի լավ բան կա, առաջարկիս մեջ հաճելի անակնկալ կա: Մի նիստ ավելացնենք, բայց այնքան ժամանակով, որքանով անհրաժեշտ կլինի հաշվիչ հանձնախմբի ԲԴԽ անդամի ընտրության արդյունքներն ամփոփել, գալ զեկուցել»,-ասաց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը նշեց, որ այսպես թե այնպես այսօր հնարավոր չի լինի ավարտել հարցերի քննարկումը՝ առաջարկելով այսօր ժամը 18:00-ին ավարտել աշխատանքը և երկուշաբթի շարունակել նիստը:

Միրզոյանն ամեն դեպքում քվեարկության դրեց հարցը. «Եթե քվեարկենք այսօր, բայց արդյունքներն իմանանք երկուշաբթի, դա այնքան էլ հաճելի շաբաթ-կիրակի չի ապահովի թեկնածուի և մեզ համար: Եկեք մեր կյանքից մի 40 րոպե հատկացնենք հարցը լուծելու համար»։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ԲԴԽ անդամի ընտրությունը տեղի կունենա ժամը 17:35:

analitik.am