Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Հայաստանի հետ սերտ կապերի մասին բուռն քննարկումների թեմա է դարձել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն ու համացանցի օգտատերերը քննադատությունների հեղեղ են թափում Տոկաևի վրա: Նրանց հատկապես դուր չի եկել Տոկաևի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն պատմության և լեզվի առումով:
«Հասկանալի է, որ նրան դրսից են հրամայում: Տարօրինակ է, որ այդ հայերենի բանասերը Ղազախստանի նախագահն է: Միջինասիացիներին հավատալ պետք չէ, մեր բարեկամը միայն Թուրքիան է»,- գրել են ադրբեջանցի օգտատերերը:
Իսկ լրատվամիջոցները Տոկաևի խոսքերում մոսկովյան հետք են հայտնաբերել:
«Կարելի է հազարարավոր վարկածներ մտածել, բայց ոչ այն, որ Ղազախստանում՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրություններ են արթնացել: Ավելի տրամաբանական է մտածել, որ այդ շրջադարձերը հրահրում է Մոսկվան»,- գրում է ադրբեջանական Minval-ը:
Կայքը նաև հարց է տալիս, թե արդյո՞ք նախագահի այդ քայլը չի նշանակում, որ Ղազախստանը «դեմքով» Բաքվից Երևան է շրջվել:
0Comments