Աչքի առաջ ունենալով այսօրվա երիտասարդ պաշտոնյաների զգալի մասի ԱՆԿԵՂԾ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԸ, որ իրենց երիտասարդ լինելն ինքնին այնպիսի մեծ առավելություն է, որի համեմատությամբ մյուս մարդկային որակներն ըստ էության անտեսելի են, ցանկություն ունեցա մեջբերելու իմ «Չարենցի ժամանակից» մի հատված, որը գրվել է, եթե ճիշտ եմ հիշում, մոտ տաս տարի սրանից առաջ։ Ահա այն՝
Մեզ, քսանմեկերորդ դարասկզբին ապրողներիս, հավերժ տևելու ցանկությամբ զարմացնելը դժվար է: Երիտասարդության պաշտամունքը վաղուց արդեն ներթափանցել է հետարդիական հասարակության բոլոր ծալքերը։ <…> Խնդիրը ֆիզիկական «երիտասարդացմամբ» չի սահմանափակվում: Մտավոր հասունությունն այսօր նույնքան հնաոճ է, որքան մարմնական ծերացումը: Կյանքի որոշակի փորձառություն ունեցող, հետևողական մտածողության ունակ մարդիկ ստիպված են թաքցնել իրենց այդ որակները, անհուսալիորեն հետամնաց, հասարակության համար անհետաքրիր, նոր խնդիրների համար ոչ պիտանի չհամարվելու հույսով: Զանգվածային լրատվության միջոցները լեցուն են ջահելներին քծնող տարեցներով, որոնք, իրենց ապրած կյանքի ընթացքում ձեռք բերած (կամ, այդպես էլ ձեռք չբերած) իմաստնությունն անհոդաբաշխ բացականչություններով փոխարինելով, ձգտում են շահել «ակնթարթի բարեհաճությունը» և ևս մի քանի ամսով երկարաձգել իրենց կյանքը լուսարձակների արևի տակ: Օրվա միտումի, «տրենդի» հետ իրեն նույնացնել չկարողացողը (չցանկացողը) անհաջողակ է ex definitio: Արդյունքում, հասարակությունը կորցնում է շարունակականություն ապահովող ինտելեկտուալ և հոգևոր ատաղձը և վեր է ածվում «ուրախ-զվարթ» ակնթարթների անվերջանալի շարանի:*
* Տես Ա. Ոսկանյան, Չարենցի ժամանակը, Երևան, 2017, էջ 328-329։
Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից:
0Comments