Պետք է նպաստենք, որ ի հայտ գան տեղական ավիափոխադրող ընկերություններ

Հայաստանում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին

Շատ կարեւոր է, որ ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովում» իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա առանձնացրել է երկու առանցքային հանգամանք. Մեկը Գյումրիի օդանավակայանի ամբողջ ծավալով գործարկումն է, հաջորդը տեղական ավիափոխադրող ունենալու խնդիրն է:

«Հայաստանում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա մեր համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որպեսզի կառավարությունը եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալը եւ նրանց մրցունակությունը ապահովելը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: