Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս մասնակցում է ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի վերաբերյալ քննարկումներին

Մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո այսօր ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս մասնակցում է ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի վերաբերյալ քննարկումներին.

«Այսօր խորհրդի նիստ է, որի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Առհասարակ, տեսել եք, որ ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մեկնաբանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղամ Գևորգյանին նշանակելու հարցին:

Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հայտարարություններին` ԿԳ նախարարը նկատեց.

«Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ: Ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա ԵՊՀ 100-ամյակին, և երբ պետք է լինի: Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար և պետական այրերի մասնակցությունը, նրանց ուղերձները, շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- նշեց Արայիկ Հարությունյանը: