Այսօր կառավարությունը հաստատեց բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ ներկայումս շահառուների թվաքանակը շուրջ 864 հազար է, նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին՝ մոտ 200 հազար, որոնց տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն, բայց նրանք չեն օգտվում ամբուլատոր պայմաններում անվճար հատկացվող դեղերից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ պետք չի զլանալ այս և նման կարգի փոփոխությունները, ԶԼՄ-ների հետ համագործակցելով, ներկայացնել հանրությանը:
«Ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք այս ընթացքում այսպիսի բազմաթիվ որոշումներ ենք կայացրել և բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու: Եվ ես խնդիր եմ առաջադրում, որ ձեր արած աշխատանքը պատշաճ ձևով լուսաբանվի, ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա ոչ միայն պարծենալու առումով, պարծենալու խնդիր ընդհանրապես դրված չի, այլ որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն:
Շատ դեպքերում, նաև երբ տեղում կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս, պատճառն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար:
Եվ այստեղ շատ մեխանիզմներ են աշխատում, որ ոչ միայն ստվերում են կառավարության աշխատանքը, այլև մարդկանց զրկում են իրենց հնարավորությունները և իրավունքները իմանալու այդ կարևոր հնարավորությունից»,- ասաց Ն.Փաշինյանը:
0Comments