Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ոստիկանության հորդորով բացեցին Բաղրամյան պողոտան և սպասում են ԱԺ-ում հանդիպման արդյունքին:
Հիշեցնենք,որ նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներն աշխատանքային խումբ էին ձևավորել, որն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան, սակայն չեն հեռանում տարածքից, սպասում են աշխատանքային խմբի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հանդիպման արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:
Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:
Ոստիկանները ցուցարարներին հայտնել էին, որ Ազգային ժողովում պատրաստ են նրանց հետ հանդիպել, առաջարկել են 5 հոգանոց աշխատանքային խումբ ձևավորել և մտնել խորհրդարան՝ խնդիրը քննարկելու համար: Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները կազմեցին աշխատանքային խումբ և մտան Ազգային ժողովի շենք:
0Comments