Brexit-ի կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին:
Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք մայիսի 27-ին իր կայքում հրապարակել է BBC կորպորացիան: Եվրախորհրդարանի՝ իր համար առաջին ընտրություններում Brexit-ի կուսակցությունը, որը հիմնվել է 2019 թվականի հունվարին, ապահովել է ընտրություններին մասնակցած բրիտանացիների 31,6 տոկոսի աջակցությունը:
Կառավարող Պահպանողական կուսակցությունն ստացել է ընտրողներիի միայն 9,1 տոկոսի ձայները եւ զբաղեցնում է հինգերորդ տեղը: Լրջորեն նվազել է նաեւ բրիտանական խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժի՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությունը, որը երրորդ տեղն է զբաղեցնում՝ ստանալով ընտրողների 14,1 տոկոսի ձայները: Երկրորդ տեղում «Լիբերալ դեմոկրատներն» են՝ 20,3 տոկոս ձայներով, որոնք իրենց աջակցությունն ավելացրել են գրեթե երեք անգամ:
Չորրորդ տեղն զբաղեցնում է «Կանաչների» կուսակցությունը՝ 12,1 տոկոսով: Ընտրություններին մասնակցել է բրիտանացի ընտրողների 36,7 տոկոսը, ինչը 1,1 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին: Մեծ Բրիտանիայի համար Եվրախորհրդարանում ամրագրված է 73 տեղ:
Նախնական արդյունքներով՝ դրանցից 28-ը կստանա Brexit-ի կուսակցությունը, 15-ը՝ լիբերալ դեմոկրատները, 10-ը՝ լեյբորիստները, 7-ը՝ «կանաչները» եւ միայն 3-ը՝ պահպանողականները: Եվս մի քանի տեղ կստանան Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի կուսակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments