Այդ հայտարարությունը ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգը

Մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել․ Անդրանիկ․Քոչարյանը՝ Վիտալի․ Բալասանյանի հայտարարության մասին

ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար ընդունելի չէ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը: Այսօր  կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նա հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ «անվտանգություն» բառը, ըստ նրա, ամեն ինչ ասում է։

«Նման պաշտոն զբաղեցնող մարդն, անկախ իր նախկին ծառայություններից, պետք է չանի նման հայտարարություններ։ Բալասանյանի ծառայությունները՝ պետության, Արցախի ու մեր հաղթանակների նկատմամբ, գնահատվում է, բայց գործողությունները, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունն, անթույլատրելի են։ Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր 2 պետությունների անվտանգության համակարգ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը, անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից Վիտալի Բալասանյանի հայտարարությունը տարօրինակ որակելուն, նշեց, որ հակադարձումը բնական էր։

«Հակադարձը հետևյալն է, որ եթե Դուք այդ պաշտոնն եք զբաղեցնում, ապա անցանկալի է նման պահվածքը, և դա շատ ճիշտ գնահատական է։ Այդ պահվածքը, եթե նկատում եք վերջին 2 օրը, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել։ Այդ պաշտոնատար անձի հայտարարությունը ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգին, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել: Չի կարելի այդպիսի բան անել»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։

ԱԺ արտաքին հարաբերություներ մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան էլ հավելեց, որ իրեն Բալասանյանի նման հայտարարություններ չեն մտահոգում։

«Ինձ համար ոչ թե մտահոգիչ է, այլ ցավալի է հենց պարոն Բալասանյանի համար»,- եզրափակեց Ռուբեն Ռուբինյանը։