Եթե խոսքը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին է, ապա էթիկայի հանձնաժողովը մանդատից զրկող մարմին չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին՝ ուղղված ԱԺ նախագահին եւ գլխավոր դատռախազին:
Մարուքյանի խոսքով, մանդատից զրկելու համար գոյություն ունի ընթացակարգ. «ԱԺ խորհուրդը կամ առնվազն 27 պատգամավորներ պետք է դիմեն ՍԴ, եզրակացություն ստանան, որ ԱԺ-ն այդ եզրակացության հիման վրա մանդատից զրկի կամ չզրկի:
Հետեւաբար, էթիկայի հանձնաժողով ստեղծելը անիմաստ ժամավաճառության մասին խոսակցություններ են: Եթե կամք կա նման քաղաքական պրոցես սկսելու, թող ցույց տան, որ կա: Իսկ եթե կամք չկա, ես կարծում եմ՝ թեման անիմաստ շահարկվում է»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին դիմել էր արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Նրանք կարծում են, որ ԱԺ նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության մասնակցությամբ խախտվել է Սահմանադրությունը եւ այլ օրենքներ:
0Comments