WikiLeaks-ը մտահոգ է Ասանժի առողջական վիճակով եւ նրա բանտային պայմաններով

Բելմարշ ուժեղացված ռեժիմի բանտում, որտեղ պահվում է ավստրալացին, նա 23 ժամ մենակ է խցում, ինչը, նրա օրինական ներկայացուցիչների տեսակետից, հակամարդկային է եւ «լիովին անթույլատրելի. Ջենիֆեր Ռոբինսոն

WikiLeaks կազմակերպությունը եւ նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները լրջորեն մտահոգ են նրա առողջական վիճակով եւ բրիտանական բանտում պահման պայմաններով։ Այս մասին WikiLeaks-ի ներկայացուցիչները հայտարարել են հինգշաբթի՝ հանդես գալով Լոնդոնում Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի շենքի առջեւ, Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ լսումներից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք լրջորեն մտահոգ ենք նրա առողջական վիճակով։ Այն վատթարացել է Էկվադորի դեսպանությունում գտնվելուց հետո։ Իսկ հիմա նա, ըստ էության, մեկուսի բանտարկության մեջ է»,- լրագրողներին ասել է Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը։

Նրա խոսքով՝ Բելմարշ ուժեղացված ռեժիմի բանտում, որտեղ պահվում է ավստրալացին, նա 23 ժամ մենակ է խցում, ինչը, նրա օրինական ներկայացուցիչների տեսակետից, հակամարդկային է եւ «լիովին անթույլատրելի»։

Ավելի վաղ բժիշկները Ասանժի մոտ ախտորոշել էին միջին ծանրության ընկճախտ, շնչառական ուղիների վարակներ եւ խնդիրներ ատամների հետ կապված, որոնք Էկվադորի դեսպանությունում երկար գտնվելու հետեւանք են, որտեղ նա գտնվում էր 2012 թվականի հունիսից։

WikiLeaks-ի ներկայացուցիչ Քրիստիան Հրաֆնսոնը խոստացել է, որ Ասանժի արտահանձնման դեմ պայքարը կհասցվի հաղթական ավարտի, թեեւ այն հեշտերից չի լինելու։

Հինգշաբթի տեղի ունեցած ընթացակարգային լսումը ԱՄՆ իշխանությունների արտահանձնման հարցապնդման վերաբերյալ տեւել է մոտ 10 րոպե։ Ավստրալացին ներկա չի եղել դատարանում, բայց դատավորի հետ շփվել է տեսակապով բանտից։ Ասանժը դատարանին տեղեկացրել է, որ չի ցանկանում, որպեսզի իրեն արտահանձնեն ԱՄՆ-ին։ Դատավոր Մայքլ Սնոուն որոշել է, որ հաջորդ ընթացակարգային լսումը տեղի կունենա մայիսի 30-ին, իսկ հունիսի 12-ին արտահանձնման հարցապնդումը կդիտարկվի ավելի մանրամասն. այդ ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունը բրիտանական դատարան պետք է ներկայացնի մեղադրանքների վերջնական ձեւակերպումը, որոնց համապատասխան ամերիկյան գերատեսչությունը պահանջում է հանձնել նրան։