Սուպերհերոսները կարող են բացասաբար ազդել մանկական հոգեկան կառուցվածքի վրա

Սրա հետ կապված գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների հետ ավելի շատ զրուցել առողջ մարմնի ասպեկտների մասին, ինչը երեխաներին կօգնի սուպերհերոսների կազմվածքը չընկալել որպես իդեալ, որին պետք է ձգտել

Հանրահայտ կոմիքսների հերոսները կարող են բացասաբար ազդել մանկական հոգեկան կառուցվածքի վրա: Evolutionary Behavioral Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունների համաձայն՝ սուպերհերոսների կազմվածքի համամասնությունները կարող են խեղաթյուրել սովորական մարդու մարմնի մասին երեխայի ընկալումը՝ նրան ներշնչելով գեղեցկության պատրանքային իդեալներ:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են Marvel-ի կոմիքսների 3752 հերոսների մարմնի կազմվածքների համամասնությունները եւ ինդեքսները: Պարզվել է, որ երկու սեռի հերոսների իրանի շրջագծի ցուցանիշները աղավաղված են. սուպերհերոսների իրանը փաստացի 2 անգամ բարակ է սովորական մարդու իրանից: Գիտնականների կարծիքով՝ սա կարող է երեխայի գիտակցության մեջ առողջ մարմնի եւ գեղեցկության իդեալի մասին սխալ պատկերացումներ ստեղծել: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում աղավաղվում է առնականության եւ կանացիության վերաբերյալ երեխայի ընկալումը:

Ուշագրավ է, որ եթե սովորական մարդն ունենար նույնպիսի չափազանց բարակ իրան, ինչպես սուպերհերոսները, ապա նրա մարմինը գործնականում չէր կարողանա գործել:

Այն, որ կոմիքսների հիման վրա սուպերհերոսների մասին ֆիլմեր են նկարահանվում, երեխայի վրա ներգործելու եւս մեկ մեխանիզմ է: Փորձագետները ուշադրություն են դարձնում, որ տեսաշարը մշակվում է ճակատային հատվածի շրջանցմամբ, որը պատասխանատու է նաեւ հիշողության, դատողության եւ որոշումներ ընդունելու համար: Մինչդեռ ընթերցելիս հակառակ պրոցեսն է կատարվում, որի շնորհիվ երեխան կարող է վերլուծել ստացած տեղեկությունները՝ իրականությունը ֆանտաստիկայից տարանջատելով:

Սրա հետ կապված գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների հետ ավելի շատ զրուցել առողջ մարմնի ասպեկտների մասին, ինչը երեխաներին կօգնի սուպերհերոսների կազմվածքը չընկալել որպես իդեալ, որին պետք է ձգտել: