Ինչի համար է անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Դատախազությունից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ձեւավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսեւորումն են գտել նաեւ երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում:

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան, իր հերթին արժեւորելով եկկողմ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը, համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Երեւան կնպաստի Հայաստանի պետական կառավարման ոլորտում եւ հատկապես դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացների վերաբերյալ Չեխիայի խորհրդարանում հնարավորինս ամբողջական պատկերացումների ձեւավորմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումների, անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկան եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը համահունչ դարձնելու, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ուժեղացնելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպիցիայի դեմ ակտիվացած պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նկատմամբ հասարակական վստահության մակարդակի բարձրացմամբ եւ քրեական հետապնդման մարմինների դրսեւորած պրոֆեսիոնալիզմով: Վերջինս թույլ տվեց հանրային պահանջների զգալի մեծացման պայմաններում պահպանել իրավական հավասարակշռությունը եւ մնալ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում:

Այս պայքարի հիմնական արդյունքներից մեկը, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում արմատավորվում է առանց որեւէ խտրականության կատարած հանցանքին համարժեք պատժի անխուսափելիության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության գիտակցումը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը կարեւորել է նաեւ միջազգային համագործակցությունը՝ հատկապես իրականացվող քրեական հետապնդումների շրջանակներում գործընկեր երկրներից անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ստացման, հանցանք կատարած անձանց հանձնման եւ այլ գործընթացների տեսանկյունից:

Պատասխանելով անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառմանն առնչվող պատվիրակության ղեկավարի հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պարզված՝ պետության հափշտակված միջոցների, գողացված ակտիվների փնտրման, հետախուզման իրավական մեխանզիմների ստեղծմանը՝ հաշվի առնելով, որ ներկայումս գործող իրավակարգավորումներն այս առումով որոշակի արգելքներ են ստեղծում: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ցանկացած լուծում բխելու է անձանց սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանության, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: