Իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել

Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել. Դավիթ Սանասարյան

Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանը:

Դիտարկմանը, որ ապրիլի 24-ին ինքը ՔՊ-ի հետ չէր, միայնակ էր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սանասարյանն ասաց. «Միայնակ չէի, իմ ընկերների հետ էի: Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել: Ընկերները նեղ օրերին իմ կողքին են լինում: Այս օրը ՊՎԾ-ն ինձ հրավիրել է, որ միասին բարձրանանք Ծիծեռնակաբերդ եւ մենք բարձրացել ենք, ես մենակ չեմ եղել»:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքին, նշել էին, որ Սանասարյանն իրենց ընկերն է, բայց Հայաստանում գործեր չեն կարվում եւ քննությունը կպարզի իրականությունը:

Ավելի ուշ Սանասարյանի կինը հայտարարել էր. «Դավիթ Սանասարյանի չակերտավոր ընկեր համարողները թող հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

Նույն գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: