Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, երկուշաբթի Վլադիվոստոկ է ժամանել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար: Այս մասին հայտնում է Chosun Ilbo պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
«Կիմ Յո Չժոնը ապրիլի 22-ի առավոտյան Փհենյանից օդանավով մեկնել է Վլադիվոստոկ՝ Ռուսաստան ժամանելով Կիմ Չեն Ընից շուտ, որ ավարտի գագաթնաժողովի վերջին պատրաստությունները»,- հայտնում է պարբերականը, որի տեղեկություններով՝ նա Վլադիվոստոկում հանդիպել է արդեն այնտեղ գտնվող Պետխորհրդի քարտուղար Կիմ Չհան Սոնի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոնն այցելել է Հեռավորարեւելյան դաշնային համալսարան, որտեղ, ըստ մի շարք հարավկորեական լրատվամիջոցների, ապրիլի 25-ին տեղի է ունենալու գագաթնաժողովը, այնտեղ են բնակվելու նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդը եւ պատվիրակության անդամները: Սոնին տեսել են նաեւ Վլադիվոստոկի կայարանում, որտեղ, ինչպես սպասվում է, ապրիլի 24-ին գնացքով ժամանելու է Կիմ Չեն Ընը:
0Comments