Այս զորակոչին բանակում կստեղծվի սպորտային վաշտ

Պայմաններն ստեղծված են, չկան միայն պայմաններ մարզիկների համար, դրանք էլ ստեղծվելու են

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց բանակի մարզական ակումբի՝ ԲԿՄԱ-ի վերաբացման մասին:

Պատգամավորի խոսքով՝ հարցը շատ ավելի բազմաշերտ է, քան սպորտային տիտղոսներին նպաստելը: «Դրանով մենք կարող ենք իրականում և որոշակիորեն կանխել արտագաղթը և նպաստել ներգաղթին: Կան ընտանիքներ, որտեղ կան տաղանդավոր պատանի մարզիկներ և չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը և այլ երկրների դրոշների տակ են հանդես գալիս։ Կա հակառակը՝ դրսում հաջողություն գրանցած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, որովհետև ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտում: Ես չեմ առաջարկում, որ մարզիկներն առհասարակ չծառայեն, առաջարկում եմ ծառայեն հատուկ՝ սպորտային վաշտում»,- ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ կցանկանար իմանալ նախարարի կարծիքը կրթական և մշակութային վաշտ ունենալու մասին:

Նախարար Դավիթ Տոնոյանը նախ շնորհավորեց Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ և նշեց, որ բոլորը կցանկանային ավելին տեսնել հետագայում:

Տոնոյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ կառավարությունում համակարծիք են, որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է: «Ուզում եմ հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած մարզիկներն արդեն իսկ ազատվում են ծառայությունից՝ տարկետման իրավունք ստանալու միջոցով»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է նրան, որ մարզիկների համար 18-27 տարեկանը ոսկյա տարիքն է և իրենք իրենց ամենամեծ հաջողությունների են հասնում այդ տարիքում: «Մենք ցանկանում ենք չափանիշը մի քիչ ավելի ցածրացնել մարզային վաշտի միջոցով, այդ ամեն ինչը կարգավորել սպորտային վաշտի միջոցով, ինչն արվելու է իմ հրամանով, ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որը որ այս պահին մշակվում է, և ես համոզված եմ, որ այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մշակութային և կրթական վաշտերին,Տոնոյանն ասաց, որ ունենք համապատասխան չափանիշներով զորակոչվող արդի տեխնոլոգիաների վաշտ, որտեղ որ ՏՏ չափորոշիչներին համապատասխանող երիտասարդները զորակոչվում են: «Մեր լեզվով ասած՝ այդ վաշտը կոչվում է «կիբեր վաշտ», ունենք նաև տեխնոլոգիական գիտական վաշտ, որտեղ որ ճարտարագիտական գիտելիքներ ունեցող երիտասարդները զորակոչվում են այդ վաշտ, ունենք նվագախումբ, ունենք մշակութային մեր ստորաբաժանումները, որտեղ ևս համապատասխան չափանիշներով երիտասարդները զորակոչվում են: Էլ ավելի անելը ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է: Պայմաններն ստեղծված են, չկան միայն պայմաններ մարզիկների համար, դրանք էլ ստեղծվելու են»,- ընդգծեց նա:

Ջուլֆալակայնն էլ ասաց, որ տարկետման դեպքում միևնույնն է, խնդիրը դեռ մնում է: Օրինակ՝ 27 տարեկանում աշխարհի չեմպիոն մարզիկը չի կարողանում մեկ կամ երկու տարի բարձր տիտղոս նվաճել և ստիպված է լինում 27-28 տարեկան հասակում գնալ–ծառայել սովորական վաշտում, առաջարկս դա էր, որ լինի սպորտային վաշտ և նա ծառայի այդ վաշտում»,- նկատեց պատգամավորը:

Դավիթ Տոնոյանն էլ կատակեց. «Այսինքն՝ տարկետման իրավունքը վերացնում ենք, իրենց ուղղակի բոլորին զորակոչում ենք, համապատասխան մարտական պատրաստվածություն ենք անցկացնում, իրենք արդեն մարզիկներ են»:

Նախարար, անդրադառնալով ԲԿՄԱ-ին ասաց, որ միևնույն ժամանակ կստեղծվի այդ ակումբը, որի անվանումը գուցե այլ լինի: «Այդ ակումբը մեզ հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումներին մասնակցելու համար, արդեն ՊՆ հովանու ներքո գործող ակումբի անունից»,- ընդգծվեց նա: