Ապրիլի 15-ին խորհրդային և ռուսական էստրադայի ամենավառ աստղերից մեկը՝ Ալլա Պուգաչովան, նշում է ծննդյան 70-ամյակը:
Ինչպես հայտնում է life.ru-ն, երգչուհուն հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր շնորհավորական ուղերձում ընդգծելով Պուգաչովայի՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև այլ կատարողների համար դեպի մեծ բեմ ճանապարհ հարթելու հարցում ունեցած դերակատարումը:
Պուտինը նաև նկատել է, որ տաղանդը, արտասովոր վոկալային տվյալները, վառ արտիստիկ խառնվածքն ու աշխատասիրությունը Պուգաչովային հասցրել են էստրադայի օլիմպոսի գագաթը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ալլա Պուգաչովայի երգացանկում կա 500-ից ավելի երգ՝ աշխարհի տարբեր լեզուներով: Իր 45-ամյա ակտիվ կարիերայի ընթացքում երգչուհին թողարկել է մոտ 100 ալբոմ՝ ընդհանուր 250 մլն օրինակով: ՌԴ-ից և նախկին խորհրդային պետություններից բացի նրա ալբոմները թողարկվել են Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
gazeta.ru-ն հավելում է, որ Պուգաչովան դարձել է ռուսական էստրադայի խորհրդանիշը, որին կարելի է համարել աշխարհում ամենահայտնի ու ճանաչված ռուս կանանցից մեկը:
Իր ակտիվ ստեղծագործական կարիերայի ընթացքում Պուգաչովան իրեն փորձել է ամենատարբեր ժանրերում՝ տարբեր ժամանակահատվածներում կատարելով երգահան Ռայմոնդ Պաուլսի դասական էստրադային համարները, ավանգարդ, արտ ռոքային ստեղծագործություններ, ռոմանսներ: Եվ ինչ էլ որ Պուգաչովան արել է, արժանացել է համաժողովրդական հավանության:
Երգչուհին բեմից վերջնականապես հեռանալու մասին հայտարարել է 2009թ.: Հիմա նա ժամանակ առ ժամանակ է բեմ բարձրանում իր համարներով:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա Պուգաչովան երբեք չի թաքցրել այն: Հիմա նա ամուսնացած է 5-րդ անգամ ու ապրում է իրենից շատ ավելի երիտասարդ հումորիստ, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ, վայելում է մայրությունը՝ դաստիարակելով երկվորյակներ Ելիզավետային և Գարիին: Երեխաները ծնվել են փոխնակ մոր միջոցով:
Իսկ մինչ այդ Պուգաչովան տասը տարուց ավելի ամուսնացած է եղել հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:
Աղբյուրը հավելում է, որ հոբելյանի կապակցությամբ Պուգաչովան պատրաստվում է մեծ մենահամերգ տալ:
0Comments