Ես ոչ մի խնդիր Արամ Սարգսյանի հետ չունեմ, ոչ մի պայմանավորվածություն չունեմ: Այս մասին ԵԿՄ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նիստին ներկա չէ Արամ Սարգսյանը, և արդյոք պատրաստվում են նրան ընդգրկել վարչության կազմում:
«Էտ ընտանիքը իմ համար սրբություն է, որտեղ ծնվել է մեր սպարապետը: Ես Արամի հետ ի՞նչ պայմանավորվածություն պիտի ունենամ: Էդ ընտանիքը 90-ական թվականներից եմ մտել, պայմանավորվածությունը հետևյալն է՝ Արամ Սարգսյանն ասել է, որ եթե Դուք լինեք, ես երբեք չեմ լինի, ես էլ ասել եմ՝ եթե Դուք դնեք, ես երբեք չեմ դնի իմ թեկնածությունը»:
Հիշեցնենք, որ ԵԿՄ-ականները Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում էին առաջադրել Արամ Սարգսյանի թեկնածությունը:
Նշենք նաև, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ն ղեկավարելու մի նախապայման է առաջ քաշել՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը ևս պետք է լինի ԵԿՄ վարչության կազմում: Սարգսյանը, թերևս, չի մերժի Միքայելյանի առաջարկը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ԵԿՄ վարչության նոր կազմում լինելու են ՀՀԿ–ականներ, Միքայելյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել, ես էլ եմ հանրապետական եղել և 15 տարի պայքարել եմ արդարության համար, այսօր էլ այստեղ եմ՝ ի փառս իմ մարտական ընկերների, ովքեր ուզում են, որ այս կառույցը նորմալ «ռելսերի վրա դրվի», ես համաձայնել եմ, և իմ գործունեությունը ԵԿՄ–ում դա է լինելու: Պետք է համախմբվենք»։
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ պետք է պատրաստ լինել պատերազմի, ինչի մասին խոսել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում:
Խոսելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի հրաժարականի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց՝ տեղյակ չէ:
Tert.am-ի դիտարկմանը, թե մամուլում գրվում է, որ Արցախում այլ գեներալներ ևս հրաժարական են տալու ՀՀ իշխանությունների ճնշման հետևանքով, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Նման բան չի կարա լինի, երևի ձեր ենթադրություններն են: Եթե մարդը հրաժարվել է ծառայությունից, դա չի նշանակում, թե լայնամասշտաբ ծրագիր է իրականացվում, ոչ: Իմ կարծիքով՝ Ղարաբաղը պետք է ոչ մի ցնցման մեջ չընկնի, դուք պատկերացնում եք՝ Ղարաբաղը, որ տարածաշրջանում է գտնվում, կապ ունի սահմանների հետ: Ղարաբաղում նման ցնցումներ չեն կարող լինել, որպեսզի ընդհանուր նման կարգի հեռացումներ կամ ճնշումներ լինեն: Որոշ մարդկանց կարծիքն է, որ ուզում են փաթաթել ուրիշի վզին»,- նկատեց նա:
0Comments