Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման թեման կարծես սպառման միտում չի արձանագրում. այսօր այն կրկին արծարծվել է՝ արդեն վարչապետի կողմից, արդյունքում շարունակելով թողնել ավելի շատ հարցեր, քան սպառիչ պատասխաններ, ինչի ակնկալիքը գոնե երկրի առաջին դեմքի ասուլիսից առկա էր հանրության շրջանում: «Այնպես չի, որ ինձ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում այս սրճարանի վրա, այստեղ կանաչով եմ ներկում, մյուսը՝ դեղինով»,-իր ասուլիսում հայտարարել է վարչապետ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվեցին ընդամենը երկու սրճարաններ, իսկ մյուսները մնացել են, որոնցից մեկն էլ, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Փաշինյանը նշել է, որ որքան ինքը տեղյակ է՝ դա իրավական ձեւակերպումների խնդիր է. «Օրինակ, մի մասի դեպքում, ես գիտեմ, որ երբ որ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել միակողմանիորեն լուծել պայմանագիրը, լուծել է: Այն դեպքում, երբ որոշակի այլ իրավական ձեւակերպումներ կան, դիմել է դատարան, եւ ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր այն դեպքերում, որ կլինի հնարավորություն սկսել գործընթաց եւ տարածքն ազատել սրճարաններից, բոլոր այդ դեպքերում համապատասխան որոշումները կկայացվեն: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, եթե այդ սրճարաններից մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու»,-հայտարարել է վարչապետը: Նիկոլ փաշինյանը նաև լրագրողներին այսօր խորհուրդ է տվել՝ ուշադիր թերթել այն ժամանակվա մամուլը, երբ Օպերայի տարածքում սրճարաններ էին կառուցվում. «Մարդիկ ցույցեր էին անում: Այսինքն, բոլորին պարզ էր՝ ինչ է տեղի ունենում: Մենք նորմա՞լ ենք համարում Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածքներ վարձակալելը: Ես դա լրատվամիջոցներից եմ լսել: Էդ ովքե՞ր են: Ուզում են ասել, որ բացի մատների կեսի վրա հաշված մարդկանցից, որեւէ մեկը կարող էր Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարա՞ծք վերցնել: Բա եկեք վերահաշվարկ անենք, թե դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, թող այդ գումարը վերադարձնեն պետական բյուջե»:
Բնականաբար իրավացի է վարչապետը, իհարկե նորմալ չէ, երբ կանաչ տարածքների հաշվին սրճարանային բիզնես է զարգացել մայրաքաղաքի սրտում, սա, անշուշտ ազդեցության չարաշահման հետևանք է, ինչի դեմ հասարակության ընդդիմացումը միանգամայն տրամաբանական է: Իրավական տեսանկյունից բացատրելի են նաև քաղաքային իշխանությունների գործողությունները. ամեն ինչ կատարվում է տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի շրջանակում: Պարզ է, որ պայմանագրի կնքման ժամանակ տնտեսվարող սուբյեկտները տեղեկացվել են ներդրումների ռիսկերի մասին: Միաժամանակ սրճարանների քանդման հարցին քաղաքային իշխանությունները կարող էին ավելի զգուշությամբ մոտենալ, հատկապես հաշվի առնելով այն, որ, արդյունքում դրանց աշխատակիցները զրկվեցին աշխատանքից:
Իսկ հարց է ծագում՝ ի՞նչն էր խանգարում տեղական ինքնակառավարման մարմիններին առաջնահերթ զբաղվել Երեւանի բազմաթիվ խնդիրներով, որոնց կարգավորման մասին այնքան շռայլ խոստումներ էր տալիս Հայկ Մարությանը: Ու՞ր մնացին վերելակները մեկ սենյականոցի վերածելու գայթակղիչ լուծումները, ինչու՞ գոնե փուլային տարբերակով ոչ մի քայլ չի ձեռնարկվում քաղաքային տրանսպորտի անտանելի որակը փոքր-ինչ բարելավելու ուղղությամբ, վթարային շենքերի հարցերով ևս որևէ առաջխաղացման ականատեսը չենք լինում: Փոխարենը պարզվեց, որ մայրաքաղաքի բնակիչների բնականոն գործունեությանը խոչընդոտող օրհասական հարցը կանաչ տարածքների՝ օր առաջ վերականգնումն է, որն անպայման պետք էր սկսել հենց Օպերան ազատագրելով: «Լույս» խմբակցությունից Ավագանու խորհրդի անդամ Անի Խաչատրյանն անդրադառնալով իրավիճակին, նշել էր, որ տպավորություն է ստեղծվում, թե այս ամենը կոնկրետ անձերի կռիվ է։ «Եթե այստեղ չունենք անձերի խնդիր, և ինչպես ասում էին քաղաքապետը և պարոն Մեսչյանը, որ պետք է վերականգնվի Օպերայի հարակից տարածքի ճարտարապետական տեսքը, ապա պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները, այլ ոչ թե երեք–չորսը։ Կամ ապամոնտաժվում են բոլոր սրճարանները, կամ չի ապամոնտաժվում ոչ մեկը։ Հակառակ դեպքում այս կողմնապահությունը կոնկրետ անձերի կռիվ է նշանակում»,– ասել էր Խաչատրյանը։ Բացի այդ՝ ընթանում է դատական գործընթաց, և բարձրացվել է պայմանագրի միակողմանի խզման հարց, ինչպե՞ս կարող է Երևանի քաղաքապետարանն առանց դատարանի որոշման՝ գնալ այդ քայլին։ Եթե մի քանի տնտեսվարողների նկատմամբ նման գործողություններով փորձում ենք քաղաքի ոտնահարված իրավունքները վերականգնել, իսկ մյուսներին թողնում ենք աշխատել, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում: Նման խնդիր դնելուց առաջ քաղաքային իշխանությունը պետք է գոնե առաջիկա տարիների գործողությունների նախագիծ ունենար, որպեսզի բիզնեսն ու հասարակությունը կարողանային շտկել իրենց մոտեցումները:
Օպերայի հարակից տարածքի սրճարաններից «Շոկալադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը Երևանի քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումը համարում է աշխատատեղերի քանդում։ Նա ասում է, որ վարչապետն ու Երևանի քաղաքապետը գնում են 50 աշխատատեղ ստեղծող հյուրանոցի բացմանը, փոխարենն առանց ափսոսալու 300-400 աշխատատեղ են փակում։ «Այս երկում ինչպե՞ս բիզնես անես, որ օրինական փաստաթուղթն իրենց համար հիմք չի։ Սրճարանի տնօրենը եկել, ասում է՝ թուղթը տուր, թե ինչի հիման վրա ես քանդում, քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ չունի։ Քաղաքապետարանը կարո՞ղ է գարանտիա տալ, որ այստեղ ոչ մեկը ոչ մի այլ բան չի անելու»,-հարցնում է Լաերտ Պողոսյանը։
Զիջումների չգնալու քաղաքային իշխանությունների դիրքորոշումն անհասկանալի է. կարելի էր փուլ առ փուլ հրաժարվել բետոնապատ տարածքներից: Տպավորություն չստեղծվի, թե որևէ մեկը կողմ է սրճարանների՝ Օպերայի տարածքում լինելուն, բայց պետք չէ մոռանալ, որ շատ այլ կանաչապատ տարածքներ անմխիթար վիճակում են, եւ այդ տարածքներում բիզնես շահ չկա: Իշխանությունն իր բարեկարգման աշխատանքներն առաջնահերթ կարող էր սկսել ա՛յդ տարածքներից: Օրինակ՝ Մոնումենտի այգուց, որն օրեցօր ավելի անմխիթար տեսք է ընդունում, ե՞րբ է այն ևս հայտնվելու Հայկ Մարությանի հոգատարության տիրույթում: Նույնը վերաբերում է նաև Մանկական զբոսայգուն: Առաջին հերթին կարելի էր նման գոտիների հարցը լուծել՝ միաժամանակ սրճարանատեր-տնտեսվարողներին տալով որոշակի ժամանակահատված, որպեսզի հարցն այսքան ցավոտ չլիներ: Սա տրամաբանական աշխատաոճ կլիներ, որը հարցեր չէր առաջացնի ու հասկանալի կլիներ յուրաքանչյուր շարքային երևանցու:
0Comments