Ռուսերենի ուսումնասիրումը չափազանց կարեւոր է հայ երիտասարդության համար

Ռուսերենի ուսումնասիրումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մասնագիտական հեռանկարները, այլեւ, անկասկած, կնպաստի անձնային զարգացմանը

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինը մարտի 15-ին մասնակցել է ռուսաց լեզվի դասարանի բացմանը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում։ Նոր ուսումնական կաբինետի համար ռուսական կողմը ձեռք է բերել արդի ունիվերսալ ինտերակտիվ պրոյեկտոր, որը կարելի է օգտագործել ցանկացած մակերեսի վրա, այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունից։

Կոպիռկինը համոզմունք է հայտնել, որ ռուսերենի կենտրոնը ծանրակշիռ ավանդ կլինի դպրոցի գործունեության մեջ եւ թույլ կտա ուսումնական գործընթացը վարել նոր մակարդակով, ինչը պահանջում է այսօրվա դինամիկ կյանքը։

Դեսպանն ընդգծել է ռուսերենի ուսումնասիրման նշանակությունն ու կարեւորությունը հայ երիտասարդության համար։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն տուրք է պատմությանը, այլեւ պահանջմունք՝ պայմանավորված Ռուսաստանի եւ Հայաստանի լայն կապերով, ինտեգրացիոն գործընթացներին երկրների մասնակցությամբ։

«Ռուսերենի ուսումնասիրումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մասնագիտական հեռանկարները, այլեւ, անկասկած, կնպաստի անձնային զարգացմանը»,- ընդգծել է Սերգեյ Կոպիռկինը։