Գազի տարանցման հարցում Ադրբեջանը չի կարող լրացուցիչ ռիսկեր առաջացնել, որովհետեւ գազի տարանցում նշանակում է եռակողմ կամ քառակողմ համագործակցություն. Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, հետագայում արդեն նաեւ Ռուսաստան: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, առաջին փուլում խոսքը կարող է լինել Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցության մասին. «Բնականաբար, ինչպես ամեն մի երկիր, Հայաստանն ու Վրաստանն էլ շահագրգիռ են այլընտրանքային ուղիներ ունենալու հարցում: Նշվեց, որ Վրաստանը գազն ամբողջությամբ ստանում է ադրբեջանական պետական «Սոքար» ընկերությունից: Որտեղ կա մենաշնորհ, այնտեղ գները բարձր են լինում: Այլընտրանքային գազի առկայությունը հանգեցնելու է գների նվազմանը, իսկ մենք արդեն նշեցինք, որ տեխնիկապես ոչ թե իրանական գազն է գնալու Վրաստան, այլ ՌԴ-ն իր գազի մի մասը տալու է Վրաստանին, իսկ մենք ստանալու ենք Իրանից գազը»,-ընդգծեց Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ ինտեգրվել տարածաշրջանային զարգացումներին:
0Comments